211652_close_icon
views-count34120 դիտում article-date 11:51 08-01-2019

Առեղծվածային դեպք Արարատի մարզում. Խոր Վիրապ վանքի հարևանությամբ գործող «Նռանե» հացատանն առաջացած հրդեհը մոխրակույտի է վերածել ողջ գույքը. տեղի ունեցածը հրկիզո՞ւմ է, թե՞ պատահականություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունվարի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խոր Վիրապ գյուղի Խոր Վիրապի վանքի հարևանությամբ հացատուն է այրվում։ Ինչպես Արարատի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 21 հրշեջ-փրկարարական ջկոատը, ովքեր մարել են նշված գյուղի Արաբոյի փողոցի թիվ 22 հասցեում գործող «Նռանե» հացատան կրակը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրդեհի հետևանքով հացատան սեփականատեր Համլետ Մխիթարյանը կրել է մեծ վնաս։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում սեփականատերն ասում էր. «Վայոց Ձորի մարզ բարեկամի թաղման էի գնացել։ Ձեռքիս զանգ ստացա, որ հացատունը վառվում է։ Մինչև հասանք, գյուղացիներով, հրշեջներով փորձում էին կրակի դոմն առնեին, սակայն անզոր էին։ Էս հացատունը շահագործում էինք միայն ամռանը, քանի որ հիմնականում կահավորանքը հին ավանդական ձևերով էր, և զբոսաշրջիկները մեծ ոգևորությամբ էին այցելում հացատուն։ Ամեն ինչ տնական էր։ Ուզում եմ հավատալ, որ հրդեհի պատճառը եղել է էլեկտրալարերը, սակայն դա իմ մոտ կասկած է առաջացնում։ Կարծես միտումնավոր հրկիզած լինեն։ Սառնարաններ են եղել, հնաոճ իրեր են եղել, ապառիկով վերցված ապրանքներ, իսկ էլեկտրականությունն անջատել էինք, քանի որ, ինչպես ասացի, սեզոնային ենք աշխատում։ Ճիշտն ասած՝ մի քիչ հույս ունեմ, որ Վեդիի ոստիկանները կհայտնաբերեն կատարողին կամ կատարողներին»։ Երեկ սեփականատերը ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էր նաև, որ դեռևս ոստիկանությունից ոչ ոք չի այցելել, չեն հետաքրքրվել, թե ինչ և ինչ պայմաններում է հացատանն առաջացել հրդեհը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր