211652_close_icon
views-count2645 դիտում article-date 10:45 06-01-2019

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Ծնունդը

Հայ Առաքելական Եկեղեցին այսօր` հունվարի 6-ին, նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը: Այն Հիսուսի ծննդյան և մկրտության հիշատակումն է: Սուրբ Ծնունդը Հայ Առաքելական Եկեղեցու առաջին տաղավար տոնն է: Առաքելական բոլոր եկեղեցիներում այսօր առավոտյան կմատուցվի Սուրբ Պատարագ, որից հետո կկատարվի Ջրօրհնեք: Այն խորհրդանշում է Հորդանան գետում Հիսուսի մկրտությունը: Պատարագիչը սուրբ Մյուռոն կկաթեցնի ջրի մեջ և կօրհնի ջուրը: Ավանդության համաձայն` ժողովուրդն այդ ջրից տուն է տանում` որպես բուժիչ դեղ հիվանդների համար: Այնուհետև քահանան այցելում է հավատացյալների տներն` ավետելու Հիսուս Քրիստոսի ծնունդը, որտեղից էլ առաջացել է Տնօրհնեքի սովորույթը: Սուրբ Ծննդյան օրը միմյանց ողջունում են «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս» խոսքերով: Սուրբ Ծննդյանը հաջորդում է հանգուցյալների հիշատակության օրը` Մեռելոցը: Հունվարի 7-ին` Սուրբ Պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմները:

Նմանատիպ նյութեր