211652_close_icon
views-count4071 դիտում article-date 23:09 31-12-2018

Թող 2019 թվականը մեր հայրենիքի համար լինի խաղաղության, հաղթանակների, նոր հաջողությունների և ձեռքբերումների տարի. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 31-ին շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության թանկագի՛ն քաղաքացիներ, Ահա և մենք պատրաստվում ենք հրաժեշտ տալ հին տարուն և դիմավորել նոր՝ 2019 թվականը: Այս պահին բոլորս, բնականաբար, համակված ենք հուզախառն զգացումներով, լի՝ նոր ու բարի սպասելիքներով: Ամանորի և Սուրբ Ծննդյան տոները մեզ տեղափոխում են մեր մանկության աշխարհը, որտեղ գերիշխում էին սերն ու ջերմությունը, հոգատարությունն ու լավատեսությունը, հույսն ու հավատը, որ անպայման տեղի կունենա իսկական հրաշք և կիրականանան նվիրական երազանքներն ու ցանկությունները: Հոգու խորքում մենք բոլորս ցանկանում ենք, որ մեր ընտանիքի անդամները, հարազատները, բարեկամները, ընկերները լինեն առողջ ու երջանիկ, որ խաղաղություն տիրի աշխարհում, կայուն ու դինամիկ կերպով զարգանա հայրենի երկիրը: Դրա հետ մեկտեղ, կազմում ենք ծրագրեր, որոնք պիտի կյանքի կոչենք նոր տարում՝ էլ ավելի ամրապնդելով մեր պետականությունը, պաշտպանունակությունը և անվտանգությունը, զարգացնելով տնտեսությունը, բարելավելով մարդկանց կենսապայմանները, բարձրացնելով բնակչության կենսամակարդակը: Մենք համատեղ ուժերով կիրականացնենք բոլոր նախատեսված ծրագրերը, միասին ու համախմբված կլուծենք համազգային խնդիրները և կտոնենք նոր հաղթանակներ՝ միշտ կուռ պահելով Հայաստան-Արցախ-Սփյուռք անսասան եռամիասնությունը: Մեր հաջողությունների հիմնական երաշխավորը, առաջին հերթին, մեր հերոսական բանակն է, հայրենիքի պաշտպանության դիրքերում կանգնած հայ զինվորը: Ինչպես միշտ, գալիք տարում ևս առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է լինելու բանակաշինության ոլորտը, և արվելու է հնարավորը Պաշտպանության բանակի մարտունակության աստիճանը բարձր պահելու, այդ և մյուս բոլոր բնագավառներում հայկական երկու հանրապետությունների համագործակցությունը խորացնելու ուղղությամբ: Այս տոնական օրը ուզում եմ նախ և առաջ շնորհավորել զինված ուժերի ողջ անձնակազմին, մաղթել նրանց բարի և անփորձանք ծառայություն: Ուզում եմ շնորհավորել մեր վետերաններին, հիշել նրանց, ովքեր ֆիզիկապես մեզ հետ չեն: Թող Աստված լուսավորի մեր նահատակների հոգիները: Շնորհավորում եմ ձեզ, սիրելի արցախցիներ, ողջ հայ ժողովրդին, մայր Հայաստանի և սփյուռքի մեր քույրերին ու եղբայրներին: Թող 2019 թվականը մեր հայրենիքի համար լինի խաղաղության, հաղթանակների, նոր հաջողությունների և ձեռքբերումների տարի: Մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:

Նմանատիպ նյութեր