211652_close_icon
views-count1599 դիտում article-date 16:26 28-12-2018

Սիգի ձվադրման ժամանակահատվածում Սևանա լճի հարակից տարածքներում իրականացվում են հատուկ միջոցառումներ

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, բնապահապանության նախարարությունը, Գեղարքունիքի մարզպետարանը, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը դեկտեմբերի 20-ից Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում անցկացնում են համատեղ հատուկ միջոցառումներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչ միջոցառումների մեկնարկը նշված գերատեսչությունների պատասխանատուները հանդիպումներ են ունեցել Սևանա լճի շրջակա քաղաքների, համայնքների ղեկավարների ու ձկնորսների հետ: Նրանց պարզաբանվել է միջոցառման նպատակն ու իրականացվելիք գործողությունները: Իսկ նպատակը մեկն է՝ արգելել Սևանա լճում սիգի որսը՝ կապված ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածի հետ: Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ենթակա բաժինների՝ Սևանի, Վարդենիսի, Գավառի, Ճամբարակի և Մարտունու բաժինների ծառայողները 24 ժամ իրականացնում են ուժեղացված ծառայություն: Խիստ հսկողություն է սահմանված Սևանը գոտևորող բոլոր անտառային ճանապարհների վրա, տեղակայված են հսկիչ կետեր: «Սևան» ազգային պարկի տարածքից դուրս են բերվել լողամիջոցներ, որսագործիքներ և ձկնորսների ժամանակավոր կացարաններ: Արգելվել է բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ: Բացի այս ոստիկաններն իրականացնում են նաև Սևանա լճի սիգ ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր Երևանի և մարզերի շուկաներում: Ճանապարհներին հատուկ ռեժիմով ծառայություն են իրականացնում ճանապարհային ոստիկանները: Հսկիչ կետերում նրանք, ոստիկանության տարածքային բաժինների ու Սևան ազգային պարկի աշխատակիցների հետ կանգնեցնում են կասկածելի մեքենաները և ստուգում: Ծառայությունը հաճախ ստուգվում է նաև ղեկավարության կողմից: Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածի հետ կապված հատուկ միջոցառումները կշարունակվեն մինչև հունվարի 20-ը: «Եվս մեկ անգամ կոչ ենք անում բոլոր ձկնորսներին՝ դեկտեմբերի 20-ից հունվարի 20-ը Սևանա լճում չզբաղվել ձկնորսությամբ: Բոլոր օրինախախտները հայտնաբերվելու և ենթարկվելու են պատասխանատվության»,- ասված է ՀՀ ոստիկանության տարածած հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր