14723 դիտում
22:54 22-12-2018
Էդուարդ Շարմազանով. Փաշինյանի ցինիկ հայտարարությանը ցինիկ ձևով եմ պատասխանում. 168.am
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Վանաձորում լրագրողների հետ զրույցում ասել է, որ իրեն անհանգստացրել է Մշակույթի նախարարության ներկայացուցիչների հայտարարությունը, երբ նրանք ահազանգում էին, թե՝ մի կրճատեք նախարարությունը, որովհետև մշակույթը միշտ եղել է հայ ժողովրդի այցեքարտը: «Դա արդեն շատ վատ ազդակ է, Մշակույթի նախարարությունն ինքն իրեն նույնացնում է մշակույթի հետ: Ուզո՞ւմ եք փորձարկում անենք՝ 3-5 ամիս թող գործադուլ անեն, տեսնենք՝ մշակույթի կյանքում ինչ-որ բան տեղի կունենա՞»,- ասել է Փաշինյանը:
[url=https://168.am/]
168.am[/url]-ի հետ զրույցում ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը Փաշինյանի վերոնշյալ հայտարարությունը ցինիզմ որակեց. «Փաշինյանի այդ ցինիկ հայտարարությանը ցինիկ ձևով եմ պատասխանում՝ Փաշինյան ջան, եթե առանց կառավարության ու առանց վարչապետի 7 ամիս ժողովուրդը կարող է գոյություն ունենալ, ապա քո արշինով մի չափիր, առանց մշակույթի չի կարող։ Մեր պետականության բացակայության պայմաններում մշակույթն է պահել հայ ժողովրդին։ Մենք մշակութաստեղծ ազգ ենք, ու Մշակույթի նախարարությունն ավելի կարևոր է, քան նույնիսկ ամենաձախողված վարչապետը»։
Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Մշակույթի և Սփյուռքի նախարարությունները պետք է մնան. «Եթե եղել է վատ վիճակ, Լիլիթ Մակունցը եկել էր նախարար, թող հպարտ մշակութասերներով նորմալ Մշակույթի նախարարություն ստեղծեին։ ՀՀ-ն պարտավոր է ունենալ և՛ Մշակույթի, և՛ Սփյուռքի նախարարություններ։ Ինչ վերաբերում է օպտիմալացումներին, ապա մարդկանց դժգոհության ֆոնին ինքը եկել է իշխանության, երջանիկ ու հպարտ քաղաքացիներ էր ցանկանում, այդ գործազուրկ քաղաքացին ո՞նց կարող է հպարտ ու երջանիկ լինել։
Մինչև մարդկանց կրճատելը պետք է որևէ բան առաջարկես, նոր կրճատես։ Եթե իրենց թվում է, թե մեր խելքը չէր հասնում, որ կարող է՝ մի քիչ ուռճացված է, բայց մենք սոցիալական բաղադրիչին էլ էինք նայում։ Այդ 100 հազարից ավելի պետական ծառայողին որ գցում է փողոց, թող իր անվտանգության աշխատակիցներին, իր մեքենաները, իր գրասենյակների նազիր-վեզիրներին կրճատի, իրենց ծախսերը կրճատի, աննպատակ ուղևորությունների ծախսերը կրճատի։ Ի՞նչ են արել այս 6-7 ամսում»։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ իր գլխավորած կառավարությունը բացառիկ քայլեր է արել մշակութային քաղաքականության հարցում: «Մեկ տարվա մեջ մշակույթի ոլորտի ֆինանսավորումն ավելացրել ենք 400 մլն դրամով, 350 հազարով ավելացրել ենք մշակութային օջախներ այցելուների թիվը: Մշակութային քաղաքականությունն էլ ինչպե՞ս է լինում, իսկ ինչո՞ւ մինչև այժմ դա արված չէր»,- ասել է Փաշինյանը։
Ի պատասխան՝ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը մշակույթը շփոթել է ներդրումների հետ. «Ի՞նչ է նշանակում՝ մշակութային քաղաքականություն, էլ ինչպե՞ս է լինում։ Մշակույթն ու կրթությունը բոլոր երկրներում սուբսիդավորվում են։ Հիմա ի՞նչ է նշանակում, որ 300 մլն ավելի գումար են տվել, կարող են փակե՞լ։ Փաշինյանին ասեք, որ սխալ ճանապարհի վրա է։
Մեծամտությունն ու գոռոզությունն իրեն կործանելու է։ Ես չէի ուզենա, որ ժողովրդի կողմից լեգիտիմություն ստացած վարչապետը, որը, ըստ իս՝ արժանի չէ լինել պետության ղեկավար, ու ես բազմիցս այդ մասին ասել եմ, այնքան մեծամտանա, որ արդեն մուննաթ գա։ Չհասկացանք՝ պապական ժառանգությունի՞ց է այդ փողը դրել։ Վարչապետը ժողովրդի ծառան է, ժողովրդի կողմից վարձված պաշտոնյա է։ Իր ընտրած ճանապարհը սխալ է ու կործանարար՝ պետության և իր համար։ Ասել՝ ժողովուրդը լեգիտիմություն է տվել, ինչ կուզեմ՝ կանեմ, սխալ ճանապարհ է»։
Մանրամասները՝ [url=https://168.am/]սկզբնաղբյուրում.[/url]
Նմանատիպ նյութեր
2850 դիտում
10:19 24-11-2016
ՀՀԿ փոխնախագահ ընտրվելու համար նախ պետք է լինել ՀՀԿ անդամ. Էդուարդ Շարմազանով. «168 ժամ»