211652_close_icon
views-count2172 դիտում article-date 16:11 22-12-2018

ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո ՀՀ-ի ու ՌԴ-ի համագործակցությունը դարձել է ավելի ուժեղ. տնտեսագետ

ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո նախորդ 4 տարիների ընթացքում Հայաստանի ու Ռուսաստանի համագործակցությունն ավելի ուժեղ է դարձել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեկտեմբերի 22-ին Եվրասիական փորձագիտական ակումբի 5-րդ տարեկան նիստի ընթացքում ասաց ՀՊՏՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Էդուարդ Ղազարյանը: « Հայաստանի Հանրապետության մուտքը Եվրասիական տնտեսական միություն Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը դարձրել է ավելի ուժեղ: Պայմաններ են ստեղծվել մաքսային խոչընդոտների վերացման համար, ինչը հանգեցրել է շուկայական պայմանների բարելավմանը և ապրանքների մրցունակության բարձրացմանը: Գյուղատնտեսության ոլորտում ԵԱՏՄ անդամ երկրներում մշակվում են փոխադարձ համաձայնեցված միջոցառումներ ագրոարդյունաբերական համալիրի եւ գյուղական տարածքների զարգացման համար»,- նշեց Ղազարյանը: ՀՊՏՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկանն առաջարկեց կրթության ոլորտում մասնագիտական մակարդակով դասավանդվող առարկաների միասնական ծրագիր մշակել, որը հնարավորություն կտա միության անդամ երկրների ուսանողներին կրթություն ստանալ ԵԱՏՄ անդամ երկրների ամենահայտնի համալսարաններում: «Ես առաջարկում եմ հարց բարձրացնել ԱՊՀ երկրների կրթության եւ գիտության նախարարություններում`նպաստելու կրթական և մեթոդական խորհուրդների կամ խորհրդատվական խմբեր ստեղծելու համար, որոնց հիմնական խնդիրն է ստեղծել որակյալ անձնակազմի վերապատրաստման միասնական մոտեցումներ և իրականացնել բարձրագույն մասնագիտական կրթության տարբեր բնագավառներում գոյություն ունեցող ուսումնական ծրագրերի համեմատական գնահատում: Ցանկալի է նաև քննարկել մասնագիտական փորձի մակարդակով դասավանդվող առարկաների, առարկայական ծրագրերին միասնական մոտեցման մշակման հարցերը, որոնք կնպաստեն ուսանողների ազատ փոխանակմանը եւ նրանց հետագա կրթության հնարավորությանը Ռուսաստանի եւ Համագործակցության երկրների ամենահայտնի համալսարաններում»,- ասաց նա: Եվրասիական փորձագիտական ակումբն անցկացրեց իր 5-րդ տարեկան համաժողովը, որի ընթացքում ամփոփվեցին ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության նախորդ 4 տարիները:

Նմանատիպ նյութեր