15378 դիտում
14:47 22-12-2018
Պարզաբանում՝ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայողների կողմից Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակի վերաբերյալ
Նախօրեին սոցիալական ցանցերում տարածված բաց նամակի առնչությամբ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ 2018թ. ընթացքում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության թափուր հաստիքների միջին քանակը կազմել է 200 հաստիք, որի արդյունքում տարվա ընթացքում խնայված աշխատավարձի ֆոնդը կազմել է ամսական դրույքաչափի 65%-ը:
Սույն թվականի սեպտեմբերի 4-ին՝ ՀՀ ԱԻՆ աշխատակցի օրվա կապակցությամբ, փրկարար ծառայողները պարգևատրվել են ամսական դրույքաչափի 30%-ի չափով, իսկ մնացած 35%-ը բաշխվել է 2018թ. դեկտեմբերի 19-ին՝ ամանորյա տոների կապակցությամբ: Հարկ ենք համարում նշել, որ 2019թ. ՀՀ պետական բյուջեով ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության համար նախատեսվել է 1 միլիարդ 500 միլիոն ՀՀ դրամ պարգևատրման ֆոնդ, որը նախատեսվում է բաշխել համապատասխանաբար 2019 թվականի փետրվար, սեպտեմբեր և դեկտեմբեր ամիսներին:
Փրկարար ծառայողների համազգեստների առնչությամբ հայտնում ենք, որ այս պահի դրությամբ փրկարար ծառայության բոլոր մարզային ստորաբաժանումները 99.3%-ով ապահովված են անհրաժեշտ ամենօրյա և ձմեռային համազգեստով՝ 1664 ծառայողից համազգեստի տարբեր բաղադրիչներով չեն ապահովվել ընդամենը 13 ծառայող՝ համազգեստի, գլխարկի կամ կոշիկի համապատասխան չափսի բացակայության պատճառով: Փրկարար ծառայության անձնակազմի ընդհանուր թվի 10%-ը, որոնք կրում են ամենօրյա մուգ փիրուզագույն համազգեստ, 2018թ-ի ընթացքում դեռ չեն հանդերձավորվել մատակարարման պայմանագրի խզման պատճառով: Մատակարարը տարվա ընթացքում իր պարտականությունները չկատարելու հետևանքով ներառվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հրապարակվող գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում: Հանդերձանքի բաշխումը այս պահին շարունակվում է:
Հիշեցնենք, որ բաց նամակում մասնավորապես ասվում էր. ՀՀ վարչապետին Հարգելի´ պարոն Փաշինյան, Ձեզ են դիմում երկրից ու պետությունից վիրավորված փրկարար ծառայողներ: Մարդիկ, ովքեր տարվա մեջ 365 և շաբաթը 7 օր, իսկ օրը 24 ժամ անձնուրաց ծառայում են ի շահ Հայաստանի ու նրա քաղաքացու: Մարդիկ, ովքեր իրենց կյանքն ու առողջությունն են վտանգում այլ մարդկանց կյանքն ու առողջությունը, գույքն ու սեփականությունը փրկելու համար: Մարդիկ, ովքեր օրերով իրենց ընտանիքների կողքին չեն լինում, որ այլոց ընտանիքների երջանկությունը չտուժի… Հարգելի´ պարոն Փաշինյան, տարիներ շարունակ մենք հանդուրժել ենք այս անարդարությունը, բայց եկել է պահը, երբ մենք լռել այլևս անզոր ենք: Արդեն երկրորդ Ամանորն է՝ Հայաստանի Փրկարար Ծառայության ծառայողները պարգևատրվում են…30 տոկոս պարգևավճարով ընդամենը…Պատկերացնու՞մ եք, մարդիկ, ովքեր ամսական ստանում են ընդամենը 80-100 հազար ՀՀ դրամ աշխատավարձ, և տարիներ շարունակ համազգեստ չստանալով, բայց պարտադրաբար իրե՜նց գրպանից վճարել և նոր համազգեստներ են գնել, այժմ ստիպված են նշված աշխատավարձի ընդամենը 30 տոկոսի չափով ստացած պարգևավճարով իրենց երեխաների ու ընտանիքիների համար գնել նվերներ, տոնել Ամանոր ու երջանիկ զգալ, որ դեռ մի «փոքր էլ գումար խնայեցին» հաջորդ ամսվա ծախսերը և տան հոգսը թեթևացնելու համար…
Հարգելի´ պարոն Փաշինյան, ս.թ. ապրիլից ի վեր Հայաստանի Հանրապետությունում բոլորն անխտիր մասնակցում էին սկսված շարժման ողջ ընթացքին՝ ապավինելով Ձեզ, հուսալով, որ Դուք կբացեք մեր ու մեր ապագա սերունդների առջև այն դուռը, որն անվերադարձ փակված էր համարվում… Շարժմանը մասնակցում էին բոլոր քաղաքացիները, բացի ծառայողներից, որովհետև մեր պարտքն այլ էր:
Դա գիտակցելով և ոչ մի օր դուրս չեկանք տներից ու չփակեցինք և ոչ մի փողոց, փոխարենը օգնեցինք ու փրկության ձեռք մեկնեցինք ամենքին, ով կարիքն ուներ մեր ծառայության: Դուրս չեկանք փողոցներ, բայց հոգու խորքում մե՜նք էլ սպասում էինք, որ հեղափոխությունը կհեղափոխի (դրական իմաստով) նաև մե՜ր կյանքը… Այսօր, սակայն, նույն կարծիքին մնալն այնքան էլ իրատեսական չէ: Արդարության համար ցանկանում ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում գործող ո´չ մի այլ ծառայությունում մարդիկ Ամանորին դատարկաձեռն ու գլխահակ չեն վերադարձել տուն, ինչպես հերթական անգամ ստիպված ենք վարվել մենք… Փաստենք նաև, որ մենք այլ ծառայությունների ծառայողներից մեզ չե´նք գերագնահատում, բայց պահանջու՜մ ենք, որ մեզ ԴԱԴԱՐԵՆ թերագնահատել…
Հայաստանի Հանրապետության ՀՊԱՐՏ ՀԱՅ ՓՐԿԱՐԱՐՆԵՐ
Նմանատիպ նյութեր
2185 դիտում
13:26 06-11-2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակի հետքերով
Այս բաժնից
580 դիտում
19:14 27-11-2024
Հայաստանը ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը
2077 դիտում
18:52 27-11-2024
Ուժային կառույցներում մի շարք նշանակումներ են արվել
613 դիտում
18:28 27-11-2024
Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Վասիլիս Մարագոսի հետ