4266 դիտում
19:43 15-12-2018
Կոչ ենք անում ձեռնպահ մնալ ոստիկանության գործողությունների անհիմն գնահատականներից. ՀՀ ոստիկանություն
ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է.
«Այսօր «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են կազմակերպել Էջմիածնում: Ակցիայի ընթացքում մասնակիցների և կաթողիկոսի կողմնակիցների միջև բախման վտանգ է առաջացել, և անհրաժեշտ է դարձել ոստիկանների միջամտությունը:
Ոստիկանությունը, ձեռնարկված հրատապ միջոցառուների շնորհիվ, արագորեն շղթա է կազմել, տարանջատել հակադիր կողմերին և կանխել բախումների իրական վտանգը:
Այս պահի դրությամբ ակցիայի մասնակիցներից երկուսը բերվել է ոստիկանության բաժին:
Հետաքննություն է կատարվում:
Ոստիկանությունը իր լիազորությունների շրջանակում պարտավոր է պահպանել հասարակական կարգը, կանխել հավանական միջադեպերը, այդ թվում և տարակարծիք քաղաքացիների հնարավոր բախումները, ինչը և արվել է տվյալ դեպքում:
Այն, որ ոստիկանները հանդես չեն եկել որպես կոնֆլիկտի կողմերից որևէ մեկի աջակից կամ օժանդակող, ակնհայտ երևում է նաև լրատվամիջոցներում ու սոցցանցերում տարածված տեսանյութերից, իսկ հասարակական կարգի ապահովումը ոստիկանների ուղղակի պարտականությունն է:
Ակցիայի մասնակիցներին և նրանց ընդդիմախոսներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ ոստիկանության գործողությունների անհիմն գնահատականներից և անփաստարկ ու կանխակալ հայտարարություններից:
Հորդորում ենք միջոցառումները կազմակերպել օրենքի պահանջների շրջանակում», ասված է հայտարարության մեջ:
Նմանատիպ նյութեր
3833 դիտում
19:11 13-09-2022
Կոչ ենք անում ձեռնպահ մնալ մարտական գործողությունների գոտի մեկնելուց. ՊՆ