211652_close_icon
views-count35840 դիտում article-date 00:39 10-12-2018

Վախճանվել է մեր ժամանակների մեծագույն սյունեցիներից մեկը՝ Մաքսիմ Հակոբյանը

2018թ. դեկտեմբերի 9-ին՝ ժամը 20-ի սահմաններում, երկրային կյանքին հրաժեշտ տվեց Մաքսիմ Անուշավանի Հակոբյանը: Նա անկախության շրջանի ամենանշանավոր ու արժանապատիվ սյունեցիներից էր: Նա եղավ ու մինչեւ կյանքի վերջ մնաց ընդօրինակման արժանի անձնավորություն եւ ցույց տվեց, թե ինչպես պետք է նվիրվել երկրին ու հայրենի երկրամասին: Ահա, թե ինչու նրա մահվան գույժը ցնցեց մեր լեռնաշխարհի հազարավոր մարդկանց: *** Մաքսիմ Անուշավանի Հակոբյանը ծնվել է 1949թ. օգոստոսի 8-ին՝ Կապանի շրջանի Վերին Հանդ գյուղում: Միջնակարգն ավարտելուց հետո սովորել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնային ֆակուլտետում եւ բարձր առաջադիմությամբ ավարտել այն: 1972 թվականից աշխատել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, սկզբում՝ էքսկավատորավարի օգնական, ապա՝ լեռնային վարպետ, հերթափոխի պետ, տեղամասի պետ, արտադրամասի գլխավոր ինժեներ, կոմբինատի գլխավոր ինժեների տեղակալ, աշխատանքի անվտանգության տեխնիկայի եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ, կոմբինատի գլխավոր ինժեներ: 1998թ. մայիսից գլխավորել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը: Ձեռնարկության գլխավոր տնօրենի պաշտոնը վարել է մինչեւ 2014թ. հուլիս: 2002թ. Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգեւատրվել է Անանիա Շիրակացու մեդալով: 2002թ. Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը նրան արժանացրել է Հայ առաքելական եկեղեցու բարձր պարգեւին՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանի: Մեղրի, Քաջարան, Ագարակ, Կապան քաղաքների, Արմավիրի մարզի, Արարատի մարզի պատվավոր քաղաքացի էր: 2004 թվականից «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական հիմնադրամի պատվավոր անդամ էր: 2005 թվականին նրան շնորհվել է Ռուսաստանի Դաշնության աշխարհաքաղաքական ակադեմիայի պատվավոր դոկտորի աստիճան: 2007 թվականին հանրապետության մի քանի առաջատար լրատվամիջոցների կողմից ճանաչվել է տարվա մարդ Հայաստանի Հանրապետությունում: Երկու զավակի հայր էր: *** Այն, ինչ Մաքսիմ Հակոբյանն արեց 1998-2014 թվականներին Սյունիքի համար, ուրիշներն այլեւս չարեցին ու չեն անի մոտ ապագայում: Նա մեր ընդերքի ամենամեծ հարստությունը՝ Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը, ծառայեցրեց հայոց անկախացած պետության հզորացմանը, ծառայեցրեց Սյունյաց աշխարհին: Նա այնքան գրավիչ դարձրեց հանրապետության լեռնահանքային արդյունաբերության հսկա ձեռնարկությունը, Քաջարան քաղաքը, մարզի ենթակառուցվածքները, որ ամեն տարի մի քանի տասնյակ միլիոն դոլարի ներդրում էր կատարվում երկրամասում: Եվ ազգանվեր այդ պահվածքը, ինչպես երեւաց տարիների հեռվից, կասեցվեց: …Չորս տարի է անցել, որ Մաքսիմ Հակոբյանը հետ է քաշվել, որ նրան հետ են պահել: Բայց ժամանակի ընթացքում, նաեւ հետագայում տեղի ունեցած զարգացումների համապատկերի վրա, նրա կերպարն անընդհատ նորացավ, մարդու եւ երկրի քաղաքացու, Սյունյաց աշխարհի նվիրյալի, կազմակերպչի նրա տեսակը դարձավ ավելի սպասված ու փնտրված: Ինքն էր, որ բոլորիս համերաշխության, սիրո, փոխադարձ հանդուրժողականության հորդոր էր հղում անընդհատ: Ինքն էր, որ հիշեցնում էր՝ հայոց անկախ պետությունը անսակարկելի արժեք է, որ դրանից վեհ արժեք չկա բնության մեջ: Ինքն էր ասում՝ Սյունիքը մեր սրբավայրն է, մեր սկիզբն ու ավարտը, մեր վաղվա օրը, հայոց պետականության ու հայոց արժանապատվության ողնաշարը: Ինքն էր բոլորիս դաս տալիս՝ ավելի լավ է հայրենի երկրամասում մի ծառ տնկել, քան ուրիշ տեղ անտառներ հիմնել: Ինքն էր, որ դողում էր ամեն մի սյունեցու կյանքի ու առողջության համար եւ մեծագույն պատրաստակամությամբ կանգնում ամեն մի հիվանդի սնարի կողքին: Ինքն էր, որ մեր լեռնաշխարհի ամեն մի գյուղի, ամեն մի կոլեկտիվի խնդիրն իր անձնական հոգսն էր համարում: Ինքն էր, որ սեփական առողջության զոհաբերումով պայքարում էր Քաջարանի կոմբինատի եւ ընդհանրապես Սյունիքի մարզի ներդաշնակ զարգացման համար: Ինքն էր, որ Սյունյաց աշխարհի՝ հազարամյակներով ձեւավորված արժեքները, մեր մշակույթը, մեր դպրոցը, հայոց Մատենադարանը, Աստծո երկրային տաճարները մեր լինելիության վեմ քարն էր համարում: Ու այդպես շարունակ… Եվ այդ ամենի համար Սյունյաց լեռնաշխարհը երախտագիտությամբ էր վերաբերվում նրա կերպարին ու անցած ճանապարհին, ով դեռեւս տարիներ առաջ դասվեց մեր երկրամասի նորագույն պատմության ամենաարժանավորների շարքը: Ու այդպես էլ հիշվելու է գալիք սերունդների կողմից: Շատ ափսոս, որ այլեւս մեզ հետ չէ Մաքսիմ Անուշավանի Հակոբյանը: Եվ ուրեմն՝ հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի… Սամվել Ալեքսանյան

Նմանատիպ նյութեր