211652_close_icon
views-count3401 դիտում article-date 17:17 08-12-2018

Երկրաշարժի տարելիցին Գյումրիում ներկայացվել է Մոցարտի «Ռեքվիեմ»-ը

1988 թվականի Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին՝ դեկտեմբերի 7-ին, Գյումրու Սև բերդում հայաստանյան առաջատար երաժշտախմբերի կատարմամբ հնչել է Մոցարտի «Ռեքվիեմ»-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումը նախաձեռնել և իրականացրել էր Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: «Այս համերգի գաղափարը ծագել էր դեռևս այս տարվա սկզբին: Որոշել էինք այնպիսի տեղ ընտրել համերգի անցկացման համար, որ բավականին շատ մարդ կարողանա ներկա գտնվել: Ծրագիրն էլ որոշվեց Ռոբերտ Մլքեյանը: Ներգրավեցինք նաև Գյումրու երաժշտախմբերին: Մենք ցանկանում էինք այնպես անել, որ Երևանի և Գյումրու կարող ուժերը միավորվեն մեկ նախագծի շուրջ»,-նշել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնատար Նորայր Նազարյանը: Նրա խոսքով՝ նմանատիպ համերգով ևս մեկ անգամ փորձ է կատարվել հարգանքի տուրք մատուցել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին: Դիրիժոր Ռոբերտ Մլքեյանն էլ փաստում է՝ այս համերգն առաջին հերթին իր հոգու պարտքն էր: «Ես շատ եմ կապված Գյումրիին, երկար տարիներ աշխատել ու շարունակում եմ աշխատել այստեղ: Պարտադիր համարեցի անպայման երկրաշարժի 30-րդ տարելիցին պետք է հանդես գալ ինչ-որ նախաձեռնությամբ: Հիշելով մեր նահատակներին՝ պետք է ավելի ուժեղ լինենք և շարունակենք ապրել. այս է մեր ուղերձը»,- ասել է Ռոբերտ Մլքեյանը: Համերգային ծրագրի մեկնարկն ազդարարվել է տերունական աղոթքով և Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ, Միքայել եպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ: Համերգի ընթացքում ելույթ են ունեցել Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային և Տիրամայր Հայաստանի երգչախմբերը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան), «Գոհար» երգչախմբի արական կազմը և Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի հրավիրյալ երաժիշտները (գեղարվեստական ղեկավար՝ Երվանդ Վարոսյան):

Նմանատիպ նյութեր