211652_close_icon
views-count3952 դիտում article-date 19:48 06-12-2018

Մեղադրանք է առաջադրվել ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի նախկին տեղակալին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել Շիրակի մարզում գտնվող Ջրաձորի և Ամասիայի ջրանցքների, դրանց օգտագործման ու սպասարկման համար նախատեսված հողամասերի, 7060ք/մ թունելի օտարման ընթացքում կատարված չարաշահումների վերաբերյալ։ Մեղադրանք է առաջադրվել ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի նախկին տեղակալին։ Այսպես՝ «Անի» ԲԲ ընկերության գլխավոր տնօրենը 2017 թվականի փետրվարի 2-ին գրավոր դիմում է ներկայացրել կառավարությանը՝ խնդրելով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի հաշվեկշռում հաշվառված և անհատույց օգտագործման իրավունքով «Շիրակ» ջրօգտագործողների ընկերությանը հանձնված Շիրակի մարզի Ամասիայի համայնքում գտնվող 1882ք/մ մակերեսով Ջրաձորի ջրանցքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.1968 հեկտար մակերեսով հողամասը, 5342ք/մ մակերեսով Ամասիայի ջրանցքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 1.38 հեկտար մակերեսով հողամասը, 7060ք/մ թունելը, ջրանցքները սպասարկող կառուցվածքներն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Անի» ԲԲ ընկերությանը։ Դիմումի քննարկումն ու առաջարկությունների ներկայացումը կառավարության կողմից հանձնարարվել է ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը։ Նախնական քննության տվյալներով՝ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, կեղծիքներ կատարելու միջոցով գույքի գնահատման պաշտոնական փաստաթղթերում մտցվել են ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ վերոնկարագրյալ գույքի արժեքը նշելով շուկայականից խիստ ցածր՝ 32.531.000 ՀՀ դրամ։ Կատարված կեղծ հաշվարկն ուղարկվել է նույն վարչության օտարման բաժին, որի հիման վրա կազմվել, ապա ՀՀ կառավարության կողմից 13.04.2017թ. հաստատված թիվ 372 Ա որոշմամբ թույլատրվել է 244.600.000 ՀՀ դրամ իրական արժեք ունեցող գույքն ուղղակի վաճառքի ձևով, կեղծ գնահաշվարկի արժեքի 75 տոկոսի չափով՝ 24.965.898 ՀՀ դրամով, օտարել «Անի» ԲԲԸ-ին։ Նշված գործարքի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 160.754.694 ՀՀ դրամի գույքային վնաս և առաջացրել ծանր հետևանքներ։ Քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել կատարված կեղծիքներին Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալի առնչության վերաբերյալ, ով տվյալ ժամանակահատվածում իրականացրել է վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ այսօր նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։ Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, չարաշահումներին հնարավոր առնչություն ունեցած անձանց ամբողջ շրջանակը պարզելու և նրանց գործողություններն անհատականացնելու, ինչպես նաեւ այլ գործարքներում եւս հնարավոր չարաշահումների վերաբերյալ նախնական տվյալներն ստուգելու ուղղությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ քննչական կոմիտե[/b]

Նմանատիպ նյութեր