1959 դիտում
09:14 05-12-2018
Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպանի թեկնածու Լին Թրեյսիի դիրքորոշումը․ «Ամերիկայի ձայն»
Հայաստանում Միացյալ Նահանգների քաղաքականության հիմնական նպատակն է ամրապնդել Հայաստանի անկախ պետականությունը, այդ մասին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում անցած լսումների ընթացքում հայտարարել է Լին Թրեյսին, ուն նախագահ Դոնալդ Թրամփն առաջադրել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնին: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4687364.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
«Հայաստանում մեր քաղաքականության նպատակը մնում է անփոփոխ. անկախ, ժողովրդավար և բարգավաճող Հայաստանի ամրապնդումը, որը խաղաղության մեջ է ապրում իր հարևանների հետ: և մենք կրկին հաստատում ենք մեր նվիրվածությունը ինքնիշխան Հայաստանին, որն ազատ է ընտրելու սեփական գործընկերներին», - հայտարարել է Թրեյսին:
Միացյալ Նահանգներն արտերկրում ներկայացնող դեսպանները առաջադրվում են նախագահի, սակայն հաստատվում Սենատի կողմից: 24 տարվա հանրային ոլորտում աշխատանքի փորձ ունեցող Լին Թրեյսին ԱՄՆ-ի Պետքարտուղարության Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականն էր: Նախկինում զբաղեցրել է Ռուսաստանում ու Թուրքմենստանում ԱՄՆ-ի փոխդեսպանի պաշտոնը, եղել ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ Հարավային և Կենտրոնական Ասիայի երկրների գծով:
Սենատում ավանդույթի համաձայն Թրեյսիին աջակցում էին ընտանիքի անդամները. մայրը՝ Քերոլ Սյու Թրեյսին և քույրը՝ Նիդա Ջեբսքին: Իր ելույթում դիվանագետն ընդգծեց, որ շատերի նման ոգևորված էր Հայաստանի «Թավշյա հեղափոխությամբ», ավելացնելով, որ Հայաստանին առջևում դեռ մեծ աշխատանք է սպասում՝ անցած վեց ամիսների ձեռքբերումներն ամրապնդելու համար: «Իսկ Միացյալ Նահանգները շարունակելու է աջակցել հայ ժողովրդի ազատության ձգտմանը»:
Սենատոր Էդ Մարքին հետաքրքրվեց, թե արդյոք հաշվի առնելով «Թավշյա հեղափոխության» արդյունքները Պետքարտուղարությունը նախատեսում է ավելացնել Հայաստանին տրվող օգնության չափը.
«Ամերիկայում հայերը հավանաբար ամենից հաջողակ էթնիկ խումբն են և մեզ անհրաժեշտ է օգնել հայերին նույնչափ հաջողակ լինել սեփական երկրում և վայելել Աստծո կողմից տրված իրենց տաղանդները նաև սեփական երկրում»:
Լին Թրեյսիի խոսքով, Միացյալ Նահանգները կենտրոնացնելու է ջանքերը երեք ուղղություններով, որոնք օգնում են պահպանել ժողովրդավար հասարակության համար անհրաժեշտ հավասարակշռություն ու հաշվետվությունը.
«Կոռուպցիայի դեմ պայքար՝ մի բան, որը այս նոր կառավարությունը նույնպես առաջնահերթություն է որակել, և մենք փորձում ենք աջակցել նրանց այս ուղղությամբ: Քաղաքացիական հասարակության ամրապնդում. այդ ձևավորված հասարակությունը կարևոր դեր խաղաց անցած իրադարձություններում: և՝ անկախ լրատվամիջոցների աջակցություն»:
Սենատոր Բոբ Մենենդեզը լսումների ընթացքում հատուկ բարձրացրեց Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը, մի հարց, որն ըստ սենատորի պետք է պատմական լուծում ստանա: Այս հարցի վերաբերյալ Լին Թրեյսին նշեց.
«1915 թվականի սարսափելի իրադարձությունները 20-րդ դարի վատագույն դաժանություններից մեկն էին, երբ Օսմանյան կայսրության վերջին տարիներին մեկ և կես միլիոն հայ արտաքսվել, սպանվել կամ մահվան էր ուղարկվել: Ինչպես այս տարի Հայերի հիշատակի օրն ընդգծել էր նախագահ Թրամփը, նման դաժանությունները չպետք է կրկնվեն»:
Դեսպանի թեկնածուն նշեց, որ հաստատման դեպքում խոստանում է իր լիազորությունների սահմաններում անել ամեն ինչ «ճանաչելու և հարգելու կորուստները և տառապանքները» և մասնակցելու է զոհերի հիշատակի միջոցառումներին:
Սենատոր Մենենդեզի կարծիքով սակայն, Վաշինգտոնի մոտեցումը պետք է փոխվի.
«Մենք ունենք պատմական իրականություն. մեկ և կես միլիոն մարդ սպանվել է, դա ցեղասպանություն է: և ահա մենք ուղարկում ենք դեսպանին այդ երկիր, նա այցելում է Հայ ժողովրդի հոլոքոստի հուշարձանը, բայց նա չի կարող այն ցեղասպանություն անվանել: Բավականին զավեշտալի է: Եթե մենք ի վիճակի չենք ճանաչել անցյալը, մենք չենք կարող ազատվել դրանից: Մեզ անհրաժեշտ է փոխել այս իրավիճակը: Կարծես թե՝ մենք չենք կարող այդ բառը մեր շրթունքներով արտասանենք. Հայոց ցեղասպանություն: Ահա թե ինչ է տեղի ունեցել»:
Սենատորներն իրենց վերջնական կարծիքը կարտահայտեն քվեարկությամբ ավելի ուշ, երբ գրավոր պատասխան ստանան նաև իրենց կողմից թեկնածուներին ուղղված մի շարք գրավոր հարցերին:
Նմանատիպ նյութեր
4900 դիտում
18:54 03-01-2019
ԱՄՆ Սենատը հաստատել է Լին Թրեյսիի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
2297 դիտում
22:15 13-12-2018
Սենատի հանձնաժողովը հաստատել է Լին Թրեյսիի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
Այս բաժնից
871 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»