Արմեն Սարգսյանն ու Իտալիայի նախագահը քննարկել են հայ-իտալական կապերի առավել սերտացմանը վերաբերող հարցեր
Իտալիայում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ։
Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից, նախագահ Մատարելլան ողջունել է Հայաստանի իր գործընկերոջ այցը Իտալիա, այնուհետև ջերմ ու անմիջական մթնոլորտում նախագահները քննարկել են հայ-իտալական կապերի առավել սերտացմանը վերաբերող հարցեր։
Նշվել է, որ բարձր մակարդակով փոխայցելություններն էապես նպաստելու են երկկողմ հարաբերությունների խորացմանը և նոր թափ են հաղորդելու բարեկամ երկրների միջև բոլոր ուղղություններով համագործակցության զարգացմանը։
Նախագահ Սարգսյանը գործընկերոջը տեղեկացրել է Իտալիա կատարած աշխատանքային այցի ընթացքում ունեցած հանդիպումների և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։ Ընդգծելով, որ համագործակցության լայն հնարավորություններ են առկա թե՛ տնտեսական, թե՛ մշակութային ու գիտական ոլորտներում՝ նախագահները կարևորել են առկա ներուժի լիարժեք իրացումը։