Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Ձորաղբյուրում բախվել են Nissan Armada-ն ու Mercedes-ը. կան վիրավորներ. ավտոմեքենաները վերածվել են մետաղե ջարդոնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝  նոյեմբերի 18-ին,  խոշոր ավտովթար է  տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:40-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղի  վարչական տարածքում՝ «Նորավան» ամառանոցային համալիրի  դիմաց, բախվել են Nissan Armada մակնիշի  04 ՍՍ 218 համարանիշի և Mercedes C240 մակնիշի 69 DQ 666 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  Աբովյան բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկին տեղափոխել են Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել  «Նորավան»  ամառանոցային համալիրի բնակիչները: 
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝  դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել  քաղաքացիների ավտոմեքենաներով, որոնցից մեկին էլ հիվանդանոց  է ուղեկցել նույն վաշտի 2-րդ դսասակի հրամանատար Սարգիս Բագրատյանը:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է  ոստիկանության Աբովյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝  համայնքային ոստիկանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է  ՃՈ  2-րդ սպայական գումարտակի 3-ր վաշտի ավագ հետաքննիչ  Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աբովյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Օպերատիվորեն ժամանել է նաև «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:
Ֆոտոլրագրողը  հայտնում է  նաև, որ բախման հետևանքով Nissan-ի առջևի ձախ անվահեծանը կոտրվել է, ինչպես նաև վնասվել են «Նորավան»  ամառանոցային համալիրի արտաքին լույսերը:
 [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


