211652_close_icon
views-count2110 դիտում article-date 23:24 16-11-2018

Եվրոպական դատարանը քաղաքական շարժառիթ է տեսել ռուս ընդդիմադիր գործիչ Նավալնու կալանքների և ձերբակալությունների մեջ

Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը վճիռ է կայացրել ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ «Ալեքսեյ Նավալնին՝ ընդդեմ Ռուսաստանի Դաշնության» գործով, գրում է [url=https://jam-news.net/%D0%B4%D0%B5%D0%BB%D0%BE-%D0%BD%D0%B0%D0%B2%D0%B0%D0%BB%D1%8C%D0%BD%D0%BE%D0%B3%D0%BE-%D0%B5%D0%B2%D1%80%D0%BE%D0%BF%D0%B5%D0%B9%D1%81%D0%BA%D0%B8%D0%B9-%D1%81%D1%83%D0%B4-%D0%BF%D1%80%D0%B8%D0%B7/?lang=ru]JamNews[/url]-ը։ Ինչպես հաղորդում է «Նովայա գազետան», դատարանը քաղաքականապես մոտիվացված է ճանաչել Նավալնու կալանքներն ու ձերբակալությունները։ Վերջին անգամ Ռուսաստանի դեմ նման վճիռ է կայացվել 14 տարի առաջ՝ 2004թ-ին։ Գործը քննել է 20 դատավոր՝ իտալացի Գուիդո Ռայմոնդիի գլխաորությամբ։ Նավալնին նիստին ներկա էր իր եղբայր Օլեգի և երկու փաստաբանների հետ։ Դատարանը վճռել է, որ Նավալնու հանդեպ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 18-րդ հոդվածը։ Պաշտոնապես հոդվածը կոչվում է «Իրավունքների հանդեպ սահմանափակումների օգտագործման սահմանները», և դրանում անորոշ խոսվում է այն մասին, որ «սույն կոնվենցիայով թույլ տրված սահմանափակումները նշված իրավունքների և ազատությունների վերաբերյալ չպետք է կիրառվեն այլ նպատակներով, քան այն, որոնց համար նախատեսված են»։ Սակայն հոդված 18-ի առնչությունը կոնվենցիայի այլ հոդվածներին (որոնցով Եվրոպական դատարանն ավելի վաղ Նավալնու իրավունքները խախտված էր ճանաչել), թույլ է տվել դատարանին նրան քաղաքական դրդապատճառներով հետապնդելու մասին եզրակացության գալ։ Գործը վերաբերում է բողոքի տարբեր ակցիաների ժամանակ Նավալնու յոթ ձերբակալություններին և «վարչական իրավախախտումների համար հետագա դատական հետապնդումներին», ինչպես նաև 7 և 15 օրով երկու վարչական կալանքներին։ Նշված դեպքերը տեղի են ունեցել 2012թ-ի մարտից մինչև 2014թ-ի փետրվար ընկած ժամանակահատվածը։ Այսօրվա գործով առաջին վճիռը դատարանը կայացրել էր 2017 թ-ի փետրվարի 2-ին։ Դատարանը ճանաչել էր, որ բոլոր 7 ձեբակալությունների ժամանակ խախտվել են կոնվենցիայի հոդվածները, որոնք նախատեսում են հավաքների ազատության, ազատության և անձնական անձեռնմխելիության, արդար դատաքննության իրավունքները։ Յոթ դատավորներն այն ժամանակ հրաժարվել էին բավարարել Նավալնու փաստաբանների պահանջն ու վերոնշյալ հոդվածները 18-րդ հոդվածի հետ միավորել՝ ընդդիմադիր գործչին քաղաքական հետապնդումների ենթարկելու փաստը ճանաչելու համար։ Բացի այդ, դատարանը որոշել էր, որ ռուսական բյուջեից Նավալնին պետք է 50 հազար եվրո ստանա որպես բարոյական վնասի փոխհատուցում, 12 653 եվրո՝ կրած ծասերի համար և 1025 եվրո՝ որպես նյութական վնասի փոխհատուցում։ Ռուսական իշխանությունները բողոքարկել էին այդ որոշումն, իսկ քաղաքական գործիչը պահանջել էր ճանաչել իշխանությունների կողմից քաղաքական հետապնդման փաստը։ Արդյունքում՝ 2017թ-ի մայիսին գործը փոխանցվել էր ՄԻԵԴ Մեծ պալատ, իսկ 2018թ-ի հունվարի 24-ին դատարանը լսել էր կողմերի կարծիքն, իսկ հիմա վճիռ է կայացրել։

Նմանատիպ նյութեր