211652_close_icon
views-count4941 դիտում article-date 15:48 15-11-2018

Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց բացառել ՔԿՀ-ներում առկա «ավանդույթները»

Կառավարությունն արդարադատության նախարարությանը կհատկացնի 270 միլիոն 858 հազար դրամ՝ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում կապիտալ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար: Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն ասաց, թե հրատապ հիմնանորոգման կարիք ունի «Վարդաշեն» ՔԿՀ-ի արտաքին ջրահեռացման համակարգը, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի արտաքին ու ներքին ջրահեռացման ցանցը, «Սևան» ՔԿՀ-ի արտաքին ջրահեռացման ցանցը: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս հարցում պետք է հստակ լինել, աշխատանքի որակի հետ կապված լինել ուշադիր, որ ստիպված չլինեն ավելի հաճախ նույն խնդրի վրա գումար ծախսել: Արտակ Զեյնալյանն էլ ասաց, որ 10 տարուց ավելի է՝ այդ ՔԿՀ-ներում կապիտալ վերանորոգումներ չեն կատարվել: «Քրեակատարողական հիմնարկներում կան «ավանդույթներ», պարոն Զեյնալյան, ես չգիտեմ՝ Դուք գիտեք դրա մասին, թե ոչ, բայց քանի որ թեման հասավ դրան, խոսենք նաև այդ մասին. երբ պետբյուջեից գումար է հատկացվում ՔԿՀ-ում որևէ աշխատանք կատարելու համար, այն կատարվում է, բայց շատ հաճախ իրականում կատարվում է դատապարտյալներից հավաքվող գումարների հաշվին, և մնացածը թե ինչ է լինում, արդեն կարելի է կռահել: Համենայն դեպս իմ՝ ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում ես մի քանի այդպիսի երևույթներ նկատել եմ, այնպես որ պետք է այս հարցում շատ հստակ լինի ամեն ինչ, որպեսզի կարողանանք խնդիրները լուծել: Նաև աշխատանքի որակի հետ կապված հարցերը պետք է կարողանանք լուծել, որպեսզի ամեն անգամ ստիպված չլինենք գումարներ ծախսել, քան անհրաժեշտ է կանոնակարգերով անել: Այնպես որ իհարկե, այս հարցերը պետք է ուշադրության կենտրոնում պահվեն»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր