211652_close_icon
views-count1779 դիտում article-date 16:47 08-11-2018

Ընդերքօգտագործողները վերականգնել են պետության և համայնքների նկատմամբ ունեցած 963 միլիոն դրամի պարտավորություններից մոտ 300 միլիոնը

Դեռևս սույն թվականի առաջին կիսամյակում ՀՀ գլխավոր դատախազությունը նախաձեռնել էր ընդերքօգտագործողների կողմից պետության և համայնքների նկատմամբ ունեցած պարտավորությունների կատարման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակի ուսումնասիրություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, պարզվել է, որ 2018թ. հունիսի 5-ի դրությամբ ռեկուլտիվացիոն վճարների գծով թվով 320 ընդերքօգտագործող ունի ընդհանուր շուրջ 523 միլիոն ՀՀ դրամի, պետական տուրքի գծով թվով 123 ընդերքօգտագործող՝ ընդհանուր շուրջ 160 միլիոն դրամի չափով պարտավորություն: Բացի այդ պարզվել էր, որ 417 ընդերքօգտագործող չի կատարել համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտներում ներդրումներ կատարելու գծով ընդհանուր շուրջ 280 միլիոն ՀՀ դրամի չափով պարտավորություն: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից հանձնարարվել է ձեռնարկել օրենքով սահմանված բոլոր միջոցները՝ պարզելու պարտավորությունների չկատարման պատճառները, պարտավորությունների կատարումից միտումնավորր խուսափելու հնարավոր մեխանիզմների առկայությունը, ինչպես նաև՝ իրավասու պետական մարմինների հետ ձեռնարկել քայլեր ընդերքօգտագործողների կողմից վճարումների կատարումն ապահովելու ուղղությամբ: Ի կատարումն ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականի՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ մարզերի դատախազություններին ուղղված շրջաբերականի և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն ուղարկված հաղորդման հիման վրա բոլոր պարտապան ընդերքօգտագործողները նախազգուշացվել են պարտավորություններն ամբողջ ծավալով կատարելու անհրաժեշտության վերաբերյալ: ՀՀ գլխավոր դատախազությունը նաև դիմել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը՝ չկատարված պարտավորությունների վճարումների ընթացքի և գանձման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու և դրանց մասին անհրաժեշտ փաստաթղթերն ու տեղեկատվությունն ստանալու համար՝ դատախազական ներգործության անհրաժեշտ գործիքակազմի կիրառմամբ, միջոցների վերականգնման նպատակով, ըստ անհրաժեշտության, պետական շահերի պաշտպանության հայցերի հարուցման հարցը քննարկելու համար: Իրականացված միջոցառումների արդյունքում՝ ռեկուլտիվացիոն վճարների գծով ներկա պահի դրությամբ վերականգնվել է շուրջ 80 միլիոն, պետական տուրքի գծով՝ շուրջ 31 միլիոն ՀՀ դրամը, իսկ համայնքներում կատարվել են ընդհանուր շուրջ 183 միլիոն ՀՀ դրամի ներդրումներ: Այսինքնն ընդհանուր առմամբ նախորդ 5 ամիսներին, 01.11.2018թ. դրությամբ, պետության և համայնքների նկատմամբ ընդերքօգտագործողների շուրջ 963 միլիոն ՀՀ դրամ պարտավորություններից արդեն իսկ կատարվել են շուրջ 300 միլիոնինը: Միաժամանակ, բազմաթիվ ընդերքօգտագործողներ պարտավորվել են պարտավորությունները կատարել մաս-մաս՝ կազմած ժամանակացույցին համապատասխան: Ընդերքօգտագործողների կողմից պարտավորությունների կատարման գործընթացը շարունակվում է:

Նմանատիպ նյութեր