211652_close_icon
views-count2957 դիտում article-date 12:18 30-10-2018

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրություն» հասարակական կազմակերպության 30-ամյակի առթիվ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Մայրություն» հասարակական կազմակերպության 30-ամյակի առթիվ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Թանկագի՛ն բարեկամներ, ուրախ եմ ողջունել ձեզ եւ ի սրտե շնորհավորել բոլորիդ «Մայրություն» հասարակական կազմակերպության 30-ամյակի առթիվ: Սա նշանակալի իրադարձություն է մեր հանրապետության կյանքում, քանի որ, լինելով հարազատ ժողովրդի մի մասնիկը, կազմակերպությունն այս բոլոր տարիների ընթացքում կանգնած է եղել մեր հայրենակիցների կողքին, ապրել է նրանց ցավով ու հոգսերով, մայրական հոգատարությամբ ու ջերմությամբ օգնել ու աջակցել շատ ու շատ մարդկանց: Կազմակերպությունն Արցախյան ազգային-ազատագրական շարժման հասակակիցն է, նրա անդամներից շատերը եղել են մեր համաժողովրդական պայքարի ակունքներում եւ իրենց արժանի ավանդն են բերել այդ պայքարի հաղթանակի կերտման, ազատ ու անկախ Արցախի Հանրապետության կայացման ու զարգացման գործում: Այսօր էլ դուք ակտիվորեն մասնակցում եք մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքին` ձեր հայրենանվեր գործունեությամբ մեծապես նպաստելով մեր պետականության ամրապնդմանն ու զորացմանը: Ձեր կատարած աշխատանքը չափազանց կարեւոր է ու պահանջված մեր հայրենիքի ու ժողովրդի համար: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ ձեր ազգանպաստ առաքելության իրականացման ճանապարհին»:

Նմանատիպ նյութեր