211652_close_icon
views-count3095 դիտում article-date 15:16 21-10-2018

Հայաստանում սիրո և համերաշխության նոր էջ բացվեց, և ես վստահ եմ, որ այդ էջը նաև պիտի դառնա ազգային միասնականության էջ. Արամ Ա

Շարունակվում է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Լիբանան: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Այցի երկրորդ օրը` հոկտեմբերի 21-ին, Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այսօր այցելել են Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճար, որտեղ մասնակցել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ձեռնադրման 50-ամյակին նվիրված Սուրբ Պատարագին: Պատարագին ներկա էին նաև Լիբանանի նախագահի, կառավարության և խորհրդարանի ներկայացուցիչներ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր խոսքում նշել է. «Վերջին ամիսների ընթացքում մեր ժողովրդի կյանքում, հատկապես Հայաստանում սիրո և համերաշխության նոր էջ բացվեց, և ես վստահ եմ, որ այս սիրո ու համերաշխության էջը նաև պիտի դառնա ազգային միասնականության էջ, մեր ժողովրդի բոլոր զավակների ամբողջական հանձնառությամբ ու մասնակցությամբ Հայաստանի վերաշինության սրբազան առաքելության: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը, պարոն վարչապետ, պիտի շարունակի վերանորոգ նվիրումով ու հավատքով իր ամբողջական մասնակցությունը բերել Հայաստանի հզորությանը, Արցախի ամրապնդմանը ձգտող բոլոր աշխատանքներին»: Սուրբ Պատարագի արարողությունից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին ուղղված շնորհավորական խոսքով. «Վեհափա՛ռ Տեր, հոգևոր հայրեր, նախարարներ, պատգամավորներ, հարգելի հյուրեր, Շատ զգացված եմ ձեր հրավերի, այս սպասված հանդիպման և եղբայրական Լիբանանի հողում այս հայաշունչ մթնոլորտի համար: Ինձ համար շատ հուզիչ է և՛ ի պաշտոնե, և՛ պարզապես որպես հայ մարդ, որը դեռ դպրոցական աթոռից է լսում հայոց պատմության մեջ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության դերի մասին, պատիվ ունենալ շնորհավորել Ձեզ ձեռնադրման կեսդարյա փառավոր հոբելյանի առիթով: Հիրավի, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը Սփյուռքի առաքե­լա­կան հայերի մի մեծ հատվածի հոգևոր կենտրոնն է, եկեղեցական և կրոնական ավանդույթների պահպանման ու հարստացման յուրահատուկ դարբնոցը։ Անթիլիասը հազարավոր հայերի սրտում է։ Շնորհակալ ենք, որ այս պատերի ներքո տարիներ ի վեր փայփայվել են մեր ազգային ինքնությունը, մշակութային արժեքները, խրախուսվել ազգապահպանության ծրագրերը։ Անգնահատելի է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության անմիջական դերակատարությունն Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից հետո հայկա­կան սփյուռքի ձևավորման և կազմակերպման գործում: Պատահական չէ, որ մեր ազգի համար ամենաօրհասական պահին հյուրընկալ Լիբանանը դարձել է փրկության փարոս ցեղասպանությունից փրկված տասնյակ հազարավոր հայորդիների համար: Այսօր Հայաստանի և Լիբանանի միջպետական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա։ Դրանում մեծ է այս եղբայրական հողում ձևավորված լիբանանահայ համայնքի դերը, որը նաև Կաթողիկոսարանի առաջնորդությամբ իր հմտություն­ները, գիտելիքներն ու ստեղծարար ներուժը ծառայեցրել է իր երկրորդ հայրենիք դարձած Լիբանանի վերելքին: Շնորհակալ ենք նման պատմություն կերտելու համար: Վեհափա՛ռ Տեր, Ձեր եկեղեցանվեր և ազգանվեր գործունեության ճանապարհը յուրահատուկ խորհուրդ ունի սփյուռքահայության գոյապահպանման, քրիստոնեական հավատքի և հոգևոր-մշակութային արժեքների պահպանման, արմատավորման ու տարածման գործում: Մենք հիացած ենք Ձեր ստեղծագործ և լայնածավալ աշխատանքով, որի արդյունքում հաջողությամբ կերտում եք Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության և նրա սփյուռքյան թեմերի ու թեմական կառույցների երեկվա ու այսօրվա պատմությունը։ Հիրավի, անժխտելի է Նորին Սուրբ Օծություն Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Գահակալի Հայրապետական օրհնության ու իմաստուն խոսքի ազդեցությունն ու կշիռը hայոց պետականաշինության, համազգային առաջնահերթությունների իրականացման գործում և ազգային կյանքում: Ոգևորիչ և գոտեպնդող էր նաև Ձեր զորակցությունը Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությանը: Դա լավագույնս վկայեց Ձեր անշեղ նվիրվածությունը ազատության ու մարդասի­րության համամարդկային արժեքներին։ Մենք Հայաստանում մեզ ավելի զորեղ էինք զգում՝ մեր մեջքին զգալով Սփյուռքի սատարանքը: Լիահույս եմ, որ Դուք էլ այսուհետ նույն կերպ ավելի հպարտ ու զորեղ եք զգալու Ձեզ նոր Հայաստանի կերտմամբ։ Ձեր անուրանալի ծառայությամբ Դուք կամրջում եք ոչ միայն հոգևոր և աշխարհիկ, այլև միջեկեղեցական և միջկրոնական աշխարհընկալումները՝ պատիվ և հեղինակություն բերելով հայ ժողովրդին: Վեհափա՛ռ Տեր, Այս տարիներին այլևս Ձեր անվան հետ է սերտորեն շաղկապված Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության առաքելության վերակազմակերպման ու վերածաղկման նոր շրջանը, որը Ձեր տքնաջան աշխատանքի արգասիքն է: Արդարև, Դուք արևմտահայերենի պահպանման ու զարգացման ռահվիրան եք և առաջամարտիկը երիտասարդ սերնդի մեջ սերն առ ոսկեղենիկ մայրենին արմատավորելու գործի: Պատահական չէ, որ աշխարհի հայկական դպրոցների համար հայագիտական առարկաների դասագրքերի ստեղծման, տարածման գլխավոր կենտրոնը հենց Անթիլիասն է, և Դուք Ձեր նվիրումով այս ազգային և հայրենասիրական գործին շունչ եք տալիս: Վեհափա՛ռ Տեր, Ուրախ եմ և երջանիկ, որ Ձեր ժամանակակիցն է նաև իմ սերունդը. միայն Ձեր անունն իսկ վեհանձնության զգացում է առաջացնում մեզանում, իսկ ամենաբարձր ամբիոններից հրապարակախոսական Ձեր ելույթները, Հայոց ցեղասպանության, սիրիահայության և համազգային նշանակության այլ խնդիրների վերաբերյալ Ձեր իմաստուն և ազդեցիկ խոսքն ազգային հպարտություն են ներշնչում: Մենք մշտապես ուշադրության կենտրոնում ենք պահել Սիրիայում և արաբական աշխարհում վերջին տարիներին կատար­վող իրադար­ձությունները։ Լիահույս ենք, որ պատմամշակութային ժառանգության պահպանման, հայկական ունեցվածքի տնօրինման, ինչպես նաև սիրիահայ համայնքի վերականգնման ուղղությամբ Ձեր ջանքերը կպսակվեն հաջողությամբ: Մեզ համար շատ կարևոր է բարեկամ Լիբանանի անվտանգությունն ու կայունությունը, որը նաև լիբանանահայ համայնքի բնականոն կյանքի առհավատչյան է: Մեզ համար դա կարևոր է նաև այն պատճառով, որ մենք Հայաստանում պատասխանատվություն ենք զգում մեր հայրենակիցների համար: Մեզ համար առանձնահատուկ կարևորություն են ներկայացնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտ­ման գործընթացում Հայաստան-Սփյուռք փոխգործակցության ապահովման ուղղությամբ Ձեր ջանքերը, որոնք լավագույնս դրսևորվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում Ձեր բազում նախաձեռնություններով։ Ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը ոգեկոչող Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Ձեր համատեղ աղոթքներն այդ օրերին համերաշխության կարևոր ուղերձ էին բոլորիս համար: Երախտապարտ ենք, որ Դուք Ձեր ականավոր գիտնականի, հայագետի և կրոնագետի իմաստնությունը միահյուսելով Ձեր անհուն հայրենասիրությանն ու մշտական ծառայությանը՝ շուրջ կես դար Ձեր սրբազան առաքելությունն եք կատարում առ Աստված, առ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի և առ Հայրենիք: Թող Երկնային Տերը Ձեզ պարգևի երկար տարիների կյանք, Նրա զորակցությամբ բազմապատկվեն Ձեր ուժերը` ի նպաստ և ի փառս Հայոց պետության և Հայ եկեղեցու: Թող հավերժ ծաղկի Ձեր Հայրապետական գավազանը և անսասան մնա Հայ առաքեալական Սուրբ եկեղեցին: Աստված օրհնի Լիբանանը, Աստված օրհնի Հայաստանը, Աստված օրհնի հայ ժողովրդին և Լիբանանի ժողովրդին: Շնորհակալություն»: Ելույթներ են ունեցել նաև Լիբանանի նախագահ Միշել Աունը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի Ազգային կենտրոնական վարչության ատենապետ Ստեփան Տեր-Պետրոսյանը: Հաջորդիվ տեղի է ունեցել Արամ Ա Կաթողիկոսին ուղղված շնորհավորանքների ընդունման հանդիսավոր արարողություն:

Նմանատիպ նյութեր