211652_close_icon
views-count8290 դիտում article-date 23:55 20-10-2018

Ժակ Բրել, Լեո Ֆերե, Բրասենս, Ազնավուր... կայացավ երգիչ, երգահան, թարգմանիչ Պերճ Թյուրաբյանի հեղինակային համերգը

«Նարեկացի» արվեստի միության լեփ-լեցուն դահլիճում կայացավ երգիչ, երգահան, թարգմանիչ Պերճ Թյուրաբյանի հեղինակային համերգը` նվիրված Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին: Միջոցառումը կրում էր «Ֆրանսիական երգերի երեկո» խորագիրը, ներկայացվեց կյանքի հանդեպ հախուռն զգացմունքների, սիրո մասին պատմող, դեռևս 15-րդ դարում նիդերլանդական դպրոցի ֆրանկո-ֆլամանդացի կոմպոզիտորների կողմից մշակված և այսօր էլ Ֆրանսիայում լայն տարածում գտած շանսոն (chanson – երգ): Հայերեն հնչեցին ֆրանսիական երգի «սուրբ երրորդություն» համարվող Ժակ Բրելի, Լեո Ֆերեի և Ժորժ Բրասենսի կատարումները, Բարբարայի, ինչպես նաև հանդիսականի կողմից սիրված շանսոնյե Շառլ Ազնավուրի երգերը Պերճ Թյուրաբյանի թարգմանությամբ և անզուգական կատարմամբ: Պերճ Թյուրաբյանը գրում է երգեր, կատարում թարգմանություններ, ունի հինգ ձայներիզ՝ «Ինչ-որ տեղ և մի օր» (իր խոսքերով ու երաժշտությամբ), «Չարենցը երգերում», «Հայերեն» (արևմտահայ և արևելահայ), «Անդունդ» (Վահան Թեքեյանի բանաստեղծություններով), «Թռչնահոգի» (պոլսահայ պոետներ Զարեհ Խրախունու և Զահրատի խոսքերով)։ Հեղինակային համերգներ է ունեցել Միացյալ նահանգներում, Կանադայում, Փարիզում, սակայն հայ հասարակությանը նա առավել հայտնի դարձավ ֆրանսերենից հայերեն թարգմանելով Շառլ Ազնավուրի երգերը: 2010 թվականին Երևանում լույս տեսավ նրա՝ «Ազնավուրը հայերեն» ձայներիզը, որի մեջ ընդգրկված էին Շառլ Ազնավուրի 13 երգերի հայերեն կատարումները: Պերճ Թյուրաբյանը խոստովանում է, որ իր թարգմանությունների խմբագիրը, առաջին և անաչառ քննադատը սիրելի կինն է՝ անվանի գրող Խաչիկ Դաշտենցի դուստրը, գրականագետ Անահիտ Դաշտենցը: Ինչպես բնութագրում են ժամանակակիցները՝ նրանք ԵՊՀ բանասիրական բաժնի երբեմնի ամենաներդաշնակ և գեղեցիկ զույգն էին: Պերճ Թյուրաբյանը ծնվել է հայրենիքից հեռու, հինավուրց մի երկրի մայրաքաղաքում՝ Եգիպտոսի Կահիրե քաղաքում, 1950 թվականի փետրվարի 7-ին: Սովորել է Կահիրեի Մխիթարյան վարժարանում, ապա ֆրանսիական քոլեջում։ 1965 թվականին ընտանիքով ներգաղթել են Հայաստան: Սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական բաժնում, որտեղ էլ հետագայում դասավանդել ֆրանսերեն լեզու և գրականություն։ Տարիներ անց Պ. Թյուրաբյանը կրկին հեռանում է հայրենիքից և Նյու Յորքի «Կոլումբիա» համալսարանում գրադարանագիտության մագիստրոսի կոչում ստանալով՝ աշխատանքի անցնում Նյու Յորքի Հանրային գրադարանում։ Նա հետաքրքիր աշխատանք է անում՝ գրադարանների համաշխարհային ցանցում գրքերի կատալոգինգ՝ տեսակավորում է կատարում։ Մի օր՝ աշխատանքից հետո, գրադարանագետ, երաժիշտ Պերճ Թյուրաբյանը, մտնելով Նյու Յորքի կենտրոնում գտնվող հայկական մի ռեստորան, տեսնում է այնտեղ նստած Շառլ Ազնավուրին: Խնդրում է ռեստորանի տնօրենին իրեն ուղեկցել մեծ շանսոնյեի մոտ, մոտենում է և հուզմունքից դողացող ձեռքով ողջունում Ազնավուրին: Նրանք երկար զրուցում են… Պերճ Թյուրաբյանը թարգմանում, հայերեն տեքստերը մշակում ու կատարում է Շառլ Ազնավուրի երգերը, երգեր, որոնք նախապատմություն ունեն և հայ հանդիսականին հնարավորություն են տալիս որոշակի պատկերացում կազմել Շառլ Ազնավուր բանաստեղծի մասին՝ փոխանցելով համաշխարհային երգարվեստում իր ուրույն տեղն ունեցող մեծ շանսոնյեի կատարումների հուզականությունն ու ասելիքը: Իմ հուզիչ սեր Դու ապրում ես հավերժական ու համր լռության մեջ, Ես կարդում եմ քո ժպիտը ու հայացքդ թարգմանում, Մեկնաբանում շարժումներդ, որ բալետ են սիրատենչ Քո լեզվով` ինձ անծանոթ, որ ձեռքերդ են պատմում: Ներկայացում մի հուզիչ. և ինձ համար են միայն Քո ժեստերը հիասքանչ, որոնք նույնը չեն երբեք. Երբ “Սիրում եմ” շշնջում են քո նուրբ մատները անձայն, Ինձ թվում է, թե լսում եմ քո ձայնը, ինչպես մի երգ: Քանզի ոչ մի ճար չունեմ քեզ այլ կերպ հասկանալու, Եվ ինձ օգնել չի կարող ոչ մի լեզվի բառարան, Ես փորձում եմ սովորել շարժումների քո լեզուն, Որ քո կողքին ինձ չզգամ անծանոթ օտարական: Իմ ջանքերը տեսնելով` դու ծիծաղում ես անձայն, Քանզի ձախողակ եմ ես, ու հաճախ եմ սխալվում, Մատներս անվարժ են դեռ, ուղղագրությունս` կաղ, Բայց ամեն գնով կասեմ, որ քեզ այնքա~ն եմ սիրում: Իմ սեր, իմ հուզիչ սեր, Հիասքանչ իմ սեր, սրտառուչ իմ սեր… Վարդինե Իսահակյան

Նմանատիպ նյութեր