211652_close_icon
views-count6374 դիտում article-date 22:15 20-10-2018

Սաուդյան Արաբիան 2 շաբաթ անց խոստովանեց, որ ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշոգիին սպանել են Ստամբուլում՝ երկրի հյուպատոսարանում

Սաուդյան Արաբիան երկու շաբաթ հերքումներից հետո խոստովանեց, որ անհետ կորած ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշոգին սպանվել է Ստամբուլում՝ երկրի հյուպատոսարանում: Այս գործով արդեն 18 կալանավորված անձ կա: Թագավորության դատախազության անցկացրած նախնական հետաքննությամբ պարզվել է, որ կասկածյալները Ստամբուլ են ժամանել՝ Հաշոգիին հանդիպելու համար, քանի որ վերջինս Սաուդյան Արաբիա վերադառնալու նախանշաններ ցույց տվել: Սաուդյան Արաբիայում ընդունված պրակտիկա է արտասահմանում բնակվող այլախոհերին վերադարձնել երկիր, իսկ սաուդյան իշխանություններին քննադատող Հաշոգին վերջին տարիներին բնակվում էր ԱՄՆ-ում և համագործակցում էր Washington Post-ի հետ: Հյուպատոսարանում խոսակցությունը լարված բնույթ է կրել, որը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում Հաշոգիին, որը երկիր վերադառնալու ցանկություն չի հայտնել, խեղդամահ են արել: Դրանից հետո կասկածյալները թաքցրել են նրա դին, որի գտնվելու վայրն առայժմ հայտնի չէ: Մինչդեռ թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ հյուպատոսարանում Հաշոգիին կտտանքների են ենթարկել, կտրել են մատները, իսկ հետո՝ գլխատել: Այնուհետև մարմինը, ենթադրաբար կտրտել են, և շենքից մաս-մաս դուրս հանել: Հետաքննության արդյունքում պաշտոնանկ են արվել թագավորության հետախուզական մարմինների 4 բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց թվում՝ հետախուզական վարչության պետի տեղակալ Ահմեդ ալ-Ասիրին և Սաուդյան Արաբիայի արքայազնի խորհրդական ալ-Կահտանին: Ընդ որում, վերջինս շարունակում է մնալ կիբերանվտանգության ծառայության ղեկավար:

Նմանատիպ նյութեր