211652_close_icon
views-count8697 դիտում article-date 10:39 15-10-2018

Երևանի Կենդանաբանական այգում երեխաները ցուցադրել են իրենց նկարչական հմտությունները

Հոկտեմբերի 14-ին Երևանի կենդանաբանական այգում կայացավ «Արևի քաղաքիս սիրված անկյուն» խորագրով կազմակերպված նկարչական դաս-ցուցահանդեսը: Ինչպես տեղեկացրին Երևանի կենդանաբանական այգու մամուլի ծառայությունից, ուրախ ու գունեղ միջոցառմանը մասնակցեցին բոլորը՝ Այգու մեծ ու փոքր այցելուները, աշխատակիցները, և իհարկե, ապագա արհեստավարժ նկարիչները՝ Փ. Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի պետական քոլեջից և Հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանից: Վերջիններս ներկայացրեցին իրենց այն աշխատանքները, որ նկարել էին հենց Այգում՝ տարբեր կենդանիների ազատավանդակների մոտ: Կենդանաբանական այգին, իր կանոնադրական նպատակների թիրախում ունենալով քաղաքացիների, մանավանդ՝ երեխաների էկո կրթության և վայրի բնության նկատմամբ հոգատարություն սերմանելու խնդիրները, մշտապես համագործակցել է տարբեր ուսումնական հաստատություններին: Այս անգամ ևս, նախնական պայմանավորվածության համաձայն, ամիսներ շարունակ, գեղարվեստի վերոնշյալ քոլեջների սաներն անվճար այցելում էին այգի և ստեղծագործում այնտեղ: Օրն սկսվեց կավճանկարով, իսկ քիչ այն կողմ ստեղծագործում էին ջրաներկով աշխատողները: Այգու տրամադրած ներկանյութերի և նկաչական պարագաների միջոցով յուրաքանչյուրը կարողացավ բացահայտել իր նկարչական ունակությունները՝ արհեստավարժների խորհուրդներով: Ակտիվ էին նաև նկարել ցանկացող ծնողները:

Նմանատիպ նյութեր