211652_close_icon
views-count106425 դիտում article-date 21:15 14-10-2018

Վանաձորում թալանել են նախկին քաղաքապետի՝ դպրոցի տնօրեն աշխատող քրոջ բնակարանը. տարել են խոշոր չափի գումար և ոսկյա զարդեր. գողը կամ գողերը դռան վրա արտառոց գրություն են թողել

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչ Տիգրան Թադևոսյանի որոշմամբ՝ ՀՀ Քր-օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի (գողությունը՝ բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով) հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հոկտեմբերի 5-ին, Վանաձոր քաղաքի Տարոն-2 ՔՇՀ 3.11 շենքի բնակիչ, 60-ամյա Տիգրան Պապանյանի դիմումի փաստով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Տ. Պապանյանը Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին հայտարարություն է տվել, որ նույն օրը՝ ժամը 16:30-ից մինչև 20:40-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իր բնակարանի մուտքի դուռը կոտրելու միջոցով մտել են բնակարան և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար և ոսկյա ու արծաթյա զարդեր: Գ. Շամշյանի տեղեկություններով, գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամ: Դեպքի վայրի հարևանությամբ բնակվողները [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի թղթակցի հետ զրույցում ասում էին, որ գողը կամ գողերը տունը թալանելուց հետո դռան վրա թողել են գրություն, որում գրված է եղել. «Գողը գողից գողացավ, Աստված տեսավ, զարմացավ: Իսկ մենք գնում ենք դբա լավը» ու մինչ ոստիկանների ու քննիչների ժամանումը, բնակարանատերերը՝ ծաղրի առարկա չդառնալու նպատակով, այդ գրությունը վերացրել են: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով, թալանված բնակարանը պատկանում է Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի քրոջը՝ Սուսաննա Դարբինյանին, ով Վանաձորի թիվ 30 դպրոցի տնօրենն է, իսկ նրա ամուսինը՝ Վանաձորի քաղաքապետարանի նախկին ճարտարապետն է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր