5630 դիտում
22:58 08-10-2018
Առերևույթ կոռուպցոն չարաշահումներ Գուսանագյուղի համայնքապետարանում. հարուցվել է քրեական գործ
Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել մարզի Գուսանագյուղ համայնքի նախկին ղեկավարի կողմից կոռուպցիոն բազմաթիվ առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ:
ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն տեղեկություններ են ստացել ՀՀ Շիրակի մարզի Գուսանագյուղ համայնքի նախկին ղեկավարի կողմից, որպես օգնություն, տարբեր անձանց անվամբ համայնքապետարանի բյուջեից գումարներ դուրս գրելու և յուրացնելու, իր մերձավորներին համայնքապետարանի աշխատակից ձևակերպելու, համայնքապետարանի գույքը նրանց օտարելու, տարբեր անձանց հետ ավտոմեքենայի վարձակալության պայմանագրեր կնքելով և ավտոմեքենաները չշահագործվելով վարձակալության գումարներ դուրս գրելու և յուրացնելու, ինչպես նաև ավագանու անդամների ստորագրություններ կեղծվելու վերաբերյալ:
ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Անիի բաժնում ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության գրության հիման վա ձեռնարկված միջոցառումների, ապա նաև նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ զբաղեցնելով Շիրակի մարզի Գուսանագյուղ համայնքի ղեկավարի պաշտոնը՝ Վ. Ղ.-ն 2013թ. հունվարի 23-ին տրանսպորտային միջոցի վարձակալության մասին պայմանագիր է կնքել իր քրոջ որդու՝ Է. Ա.-ի հետ՝ տարեկան 420.000 ՀՀ դրամի դիմաց վերջինիս ավտոմեքենան համայնքապետարանի կարիքների համար շահագործելու նպատակով: Սակայն պարզվել է, որ վերջինս 2010թ.-ից ավտոմեքենա չի ունեցել: Այսինքն հիշյալ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցվել պայմանագրում, որից հետո 2013թ. հունվարի 24-ին համայնքի բյուջեից Է.Ա.-ի անվամբ ՎՏԲ-Հայաստան բանկին է փոխանցվել 420.000 դրամ և պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացվել:
Բացի այդ, Վ.Ղ.-ն, 2015թ. հունվարի 20-ին տրանսպորտային միջոցի վարձակալության մասին պայմանագիր է կնքել համագյուղացու հետ՝ տարեկան 420.000 ՀՀ դրամի դիմաց վերջինիս պատկանող Օպել մակնիշի ավտոմեքենան համայնքապետարանի կարիքների համար շահագործելու նպատակով: Սակայն 2017թ. վերջինիս փոխանցվել է ընդամենը 400.000 ՀՀ դրամ, իսկ նրա անվամբ ՎՏԲ-Հայաստան բանկի Մարալիկի մասնաճյուղին 2015թ. դեկտեմբերին և 2017թ. ապրիլին փոխանցված ընդհանուր 600000 ՀՀ դրամը վերջինիս չի տրվել, այլ պաշտոնեական դիրքն օգտագործվելով՝ յուրացման եղանակով հափշտակվել է:
Վերոգրյալից զատ, ըստ ձեռք բերված փաստական տվյալների, նախկին համայնքի նախկին ղեկավարը 2015-2017թթ. ընթացքում համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին զեկույցով թվով 11 համագյուղացիների տվյալներ է ներկայացրել համայնքի ավագանու նիստերին: Եվ ավագանու որոշումներով այդ անձանց անուններով ելքագրված՝ ընդհանուր 670.000 ՀՀ դրամը նրանց չտրամադրելով՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ ևս յուրացվել է:
Տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ Վ.Ղ.-ն, 2017թ. հունվարին որպես համայնքապետարանի հավաքարար ձևակերպել է իր քրոջը և մինչև 2017թ. նոյեմբեր, որպես աշխատավարձ, նրա անվամբ համայնքի բյուջեից ելքագրել ու նրան է հատկացրել ընդհանուր 439.655 դրամ գումար: Սակայն պարզվել է, որ վերջինս աշխատանքի չի հաճախել, չի կատարել հավաքարարի պարտականությունները, իսկ մաքրությամբ փաստացի զբաղվել է նույն գյուղի մեկ այլ բնակչուհի, որին գյուղապետարանի աշխատակիցներն անձնական միջոցներից տվել են ամսական 3000-4000 դրամ գումար:
Նախապատրաստված նյութերով նշված փաստերի առթիվ ՀՀ Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերի (պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով հափշտակություն կատարելու), 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու), 314-րդ հոդվածի 1-ին մասի (շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
2053 դիտում
21:02 10-08-2020
Կոռուպցիոն առերևույթ չարաշահումներ Զոլաքարի համայնքապետարանում. հարուցվել է քրեական գործ
1601 դիտում
19:53 04-05-2021
Առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ Սպիտակի համայնքապետարանում 2015-2020 թվականներին. հարուցվել է քրեական գործ
1475 դիտում
17:56 05-05-2021
Առերևույթ ավելի քան 22մլն դրամի հափշտակություն Ստեփանավանի համայնքապետարանում. հարուցվել է քրեական գործ