163087 դիտում
12:16 29-09-2018
Արտակարգ դեպք Դիլիջանի թունելում. բեռնատարում ուժեղ հրդեհ է բռնկվել, թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Իջևան ավտոճանապարհի Դիլիջանի թունելի մեջ դեռևս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել բեռնատար ավտոմեքենայում։
Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարները, ովքեր, սակայն, չկարողացան մտնել թունել, քանի որ հսկայական ծուխը մեծ վտանգ է իրենից ներկայացնում։
Ծուխը տեսանելի է անգամ մի քանի հարյուր մետրից։
Այս պահին դեպքի վայրում ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ։
Տեղում են նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։
Նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, որպեսզի հրշեջները կարողանան աշխատանքներ կատարել։
Հրդեհի հետևանքով արդյոք զոհեր կամ վիրավորներ կա՞ն. ոստիկանությունը պարզում է, պարզում է նաև վարորդի ինքնությոնը։
Դիլիջանից դեպի Սևան ճանապարհը նույնպես ժամանակավորապես փակվել է։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 203+
203+