211652_close_icon
views-count2296 դիտում article-date 21:18 25-09-2018

Արա Բաբլոյանը հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Շվեյցարիա կատարած պաշտոնական այցի շրջանակում սեպտեմբերի 25-ին Բեռնում հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահի տեղակալ Ուլի Մաուրերի հետ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է հայ-շվեյցարական միջպետական հարաբերություններին՝ նշելով, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր դրանք զարգացման առավել ակտիվ դինամիկա են ձեռք բերել վերջին տասնամյակի ընթացքում: Այս համատեքստում ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը գոհունակությամբ ընդգծել է երկու երկրների սերտ համագործակցությունը նաեւ միջխորհրդարանական մակարդակում, կարեւորել պատգամավորական բարեկամության խմբերի ավանդը երկկողմ կապերի զարգացման գործում: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ հայ-շվեյցարական համագործակցության շրջանակը բավականին լայն է՝ առեւտրատնտեսական կապեր, աջակցության ծրագրերի շրջանակում իրականացվող արդյունավետ համագործակցություն, մասնագիտական հմտությունների ամրապնդման եւ կրթական ծրագրեր, տասնյակից ավելի իրավական փաստաթղթեր ընդգրկող իրավապայմանագրային դաշտ: Խոսելով տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների մասին՝ ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ Հայաստանը կարող է կամուրջ դառնալ եվրոպական եւ եվրասիական շուկաների միջեւ եւ գրավիչ լինել եվրասիական ընդարձակ շուկա առանց մաքսատուրքի մուտք ունենալու հնարավորությամբ հետաքրքրված շվեյցարացի ներդրողների համար: Որպես Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ բարեկամական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման ջատագով՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահը վստահեցրել է, որ այսուհետ եւս ջանքեր կգործադրվեն երկկողմ համագործակցության առավել սերտացման եւ ընդլայնման ուղղությամբ: Շվեյցարիայի Համադաշնության նախագահի տեղակալ Ուլի Մաուրերը նշել է, որ երկու երկրների ու ժողովուրդների բարեկամությունն ամուր հիմքերի վրա է դրված: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Շվեյցարիա-Հայաստան առեւտրային պալատի գործունեությանը, երկկողմ տնտեսական հարաբերությունների աշխուժացմանը, զբոսաշրջության, մշակույթի եւ մի շարք այլ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցերի: Արա Բաբլոյանը մասնավորապես խոսել է Հայաստան-Շվեյցարիա ուղիղ չվերթ ունենալու կարեւորության մասին: Հանդիպման ավարտին կողմերն առկա բարենպաստ համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն են հայտնել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր