211652_close_icon
views-count5566 դիտում article-date 23:20 22-09-2018

«Սուրբ Նշանի որոնումներում». սերբահայ գեղանկարչուհու ցուցահանդեսը Երևանում. ՖՈՏՈՇԱՐՔ

Սեպտեմբերի 26-ին՝ 15:00-ին, Ժողովրդական արվեստի կենտրոնում տեղի կունենա Սերբիայի նկարիչների միության անդամ Անամարիա Վարդապետյանի անհատական ցուցահանդեսի բացումը: Անամարիայի նախնիները Կարինի (Էրզրում) մոտակայքում գտնվող Սուրբ Նշան վանքի տարածքից են: Ահա այդ տեղանունից էլ ծնունդ է առել իր ստեղծագործությունների ցուցահանդեսի անվանումը` «Սուրբ Նշանի որոնումներում», ինչպես նաև գրքարվեստով զբաղվելու նրա մտահղացումը: Վարդապետյանի արվեստաբանական ուսումնասիրություններն առնչվում են հայ միջնադարյան հուշարձաններին ու զարդաքանդակներին, ինչպես նաև Սերբիայում միջնադարից մինչ օրս պահպանված հայկական հուշարձաններին և 1993 թ. Սերբիայում տեղադրված երկու խաչքարերի զարդաքանդակներին: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 2-ը: Ցուցահանդեսը բացվում է Հայաստանում Սերբիայի Հանրապետության հյուպատոսության նախաձեռնությամբ: Ցուցահանդեսի բացմանն աջակցել են Բելգրադի պոլիտեխնիկումի բարձրագույն դպրոցը և Սերբիայի արտաքին գործերի նախարարությունը: [b]Անամարիա Վարդապետյան [/b] Ծնվել է 1974 թ. Բելգրադում: Ավարտել է Բելգրադի Արվեստի համալսարանի կերպարվեստի ֆակուլտետի գեղանկարչության բաժինը: 2001 թ. ստացել է գեղանկարչության մագիստրոսի աստիճան, իսկ 2014 թ.՝ գրաֆիկական դիզայնի մագիստրոսի աստիճան (արվեստի և դիզայնի ֆակուլտետ): Սերբիայի կերպարվեստի, կիրառական արվեստի և դիզայներների միության, ինչպես նաև Սերբիայի նկարիչների միության անդամ է: 2012-2018 թթ. Սերբիայի կերպարվեստի, կիրառական արվեստի և դիզայներների միության կերպարվեստի խորհրդի անդամ է: Ներկայումս դասավանդում է Բելգրադի պոլիտեխնիկական բարձրագույն մասնագիտական քոլեջում: 1995-ից առ այսօր Սերբիայում և արտերկրում ունեցել է 40 անհատական ցուցահանդես (գրաֆիկա, գեղանկար, խճանկար, լուսանկար): Մասնակցել է նաև խմբակային շուրջ 100 ցուցահանդեսի: 1994-ից Սերբիայում, Չեռնոգորիայում և արտերկրում մասնակցել է ‹‹Վարդապետյաններ›› ընտանեկան շուրջ 18 ցուցահանդեսի: Կերպարվեստի և կիրառական արվեստի բնագավառի բազմաթիվ մրցանակների դափնեկիր է: 2004-ից զբաղվում է նաև ռոք-լուսանկարչությամբ: [b]Հակիրճ տեղեկատվություն Կենտրոնի մասին [/b] Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստի կենտրոնը ազգային մշակույթի այն եզակի օջախներից է, որի առաքելությունն է նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պահպանումը, շարունակականության ապահովումն ու հանրահռչակումը: Կենտրոնի Երևանի և Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարանների հիմքը կազմում են 1930-ական թվականներին ազգագրագետ, բանահավաք Հաբեթնակ Բաբայանի ջանքերով հիմնադրված Ժողովրդական ստեղծագործության տան ցուցանմուշները: Հավաքածուն (շուրջ 10.000 նմուշ) ընդգրկում է փայտի, մետաղի և քարի գեղարվեստական մշակման, ասեղնագործության, գորգագործության, խեցեգործության նմուշներ, ինչպես նաև ինքնուս նկարիչների գեղանկարներ: Հավաքածուում առանձնակի տեղ են գրավում սփյուռքահայերի նվիրատվությունները: Ժողովրդական վարպետների ստեղծագործությունները յուրատիպ մշակութային արժեքներ են, որոնք ներկայացնում են Հայաստանի պատմա-ազգագրական գրեթե բոլոր շրջանների ժողովրդական արվեստն ու նրա զարգացման փուլերը: Կենտրոնում տեղի են ունենում դասընթացներ, ժամանակավոր ցուցահանդեսներ, գրքի շնորհանդեսներ և բազմաթիվ այլ մշակութային միջոցառումներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր