211652_close_icon
views-count20376 դիտում article-date 10:37 21-09-2018

Մեծարգո՛ Նիկոլ Վովայի․ Բակո Սահակյանն ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 21-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին` Անկախության օրվա առթիվ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի գլխավոր վարչությունից: Ուղերձում գրված է. «Մեծարգո՛ Նիկոլ Վովայի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ, տոն, որը թանկ ու հիշարժան է համայն հայության համար: Հայ ժողովուրդն անցել է բարդ ու դժվարին ճանապարհ՝ կերտելով իր ազատ ու անկախ պետականությունը, դիմակայել է բազում փորձությունների, ունեցել անդառնալի կորուստներ, կրել անասելի զրկանքներ: Սակայն միշտ հավատացել է իր պայքարի հաղթանակին, հավատացել է երազանքների հաղթանակին, որ փայփայել է դարեր շարունակ: Հայաստանի Հանրապետության զարգացումն ու զորացումը բոլոր հայերի խնդիրն է, որի լուծման համար անհրաժեշտ է լինել էլ ավելի համախմբված ու միասնական, օգտագործել յուրաքանչյուրի ներուժն ու հնարավորությունները, գիտելիքներն ու կարողությունները: Բոլորիս պարտքն է մեր ավանդը ներդնել Հայրենիքի և հարազատ ժողովրդի պայծառ ու հուսալի ապագայի կերտման գործում: Մեծարգո՛ Նիկոլ Վովայի, Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մեր ողջ ժողովրդին նվիրական տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, բարօրություն ու մեծագույն հաջողություններ նոր հաղթանակների կերտման ճանապարհին»:

Նմանատիպ նյութեր