211652_close_icon
views-count3518 դիտում article-date 16:09 12-09-2018

ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի ճեպազրույցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ, Տեղյակ եք, որ «Շանթ» զորավարժությունների հետ կապված այսօրվա ճեպազրույցը տեղի է ունենում ոչ թե Արտգործնախարարության շենքում, այլ Պաշտպանության նախարարությունում: Սա ոչ թե պայմանական ճեպազրույց է, այլ իրական ճեպազրույց է, Արտգործնախարարության հերթական և պարբերական ճեպազրույցներից մեկը: Ինչպես գիտեք, սեպտեմբերի 10-ին տեղի ունեցավ Վրաստանի վարչապետի այցը Հայաստան, որի ընթացքում ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ՝ ուղղված մեր երկկողմ բարեկամական հարաբերություններին և արդյունավետ համագործակցության առավել ընդլայնմանը: Այդ մասին նաև խոսեցին` նաև կոնկրետ բանակցությունների մասին երկու վարչապետները իրենց համատեղ հայտարարություններում մամուլի առջև: Այսօրվանից արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը աշխատանքային այցով գտնվում է Ժնևում՝ մասնակցելու Մարդու իրավունքնրի խորհրդի նստաշրջանին: Վաղը կայանալիք «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելման և պատժման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված բարձր մակարդակի թեմատիկ քննարկմանը նախարարը հանդես կգա բացման խոսքով: Գիտեք, որ Հայաստանը առաջամարտիկ է միջազգային հարաբերություններում Կանխարգելման օրակարգի հետ, և մեր մասնակցությունը և արտգործնախարարի բացման խոսքը այդ կարևոր համաժողովին հարկավոր է դիտարկել հենց այս ենթատեքստում: Այս օրերին պաշտոնական այցով Երևանում է գտնվում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը: Նա երեկ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Կայացել են նրա հանդիպումները Հանրապետության վարչապետի, արտաքին գործերի նախարարի հետ: Այսօր տիկին Ժանը և Հանրապետության վարչապետը բացում են Ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների ֆորումը, որին մասնակցում են շուրջ 200 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ֆրանկոֆոն երկրներից և գրեթե բոլոր մայրցամաքներից: Այսօր կավարտվի «Ապրել միասին կայուն զարգացող միջավայրում և ներգրավված հասարակությունում» խորագրով ֆրանկոֆոն երիտասարդական երկօրյա համաժողովը, որին մասնակցում են ֆրակոֆոն երիտասարդներ Հայաստանյան բուհերից, հասարակական կազմակերպություններից, Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի աշխատանքներում ներգրավված կամավորներ և այլ շահագրգիռ անձինք: Ֆորումը կազմակերպվել է Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի կողմից, արտգործնախարարության և «Պիքսարտ» ընկերության հայաստանյան մասնաճյուղի հետ համագործակցությամբ: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հրավերով սեպտեմբերի 13-ից 17-ը արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը կայցելի Պեկին՝ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով: Արմեն Պապիկյանը կայցելի նաև Շանհայ և հանդիպում կունենա տեղական իշխանությունների հետ: Սեպտեմբերի 14-ից 15-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կլինի Փարիզում, որտեղ նախատեսվում է նրա հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Նաև նախատեսվում է հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Սեպտեմբերի 15-ից Հայաստան կայցելեն Վրաստանում հավատարմագրված մեկ տասնյակից ավելի արտերկրյա դեսպաններ: Նախատեսվում են նրանց հանդիպումները Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ: Հաջորդ շաբաթ արտգործնախարար Մնացականյանը կայցելի Ստեփանակերտ, ուր հանդիպումներ կունենա Արցախի ղեկավարության հետ: Սեպտեմբերի վերջին ատգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին: Այդ այցելության ընթացքում նախատեսվում են տարբեր հանդիպումներ մի շարք գործընկերների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ: Տեղեկացնեմ նաև նրանց համար, ովքեր չեն նկատել. Telegram սոցիալական հարթակում բացվել է ԱԳՆ պաշտոնական էջը: Այսուհետ օպերատիվ տեղեկատվություն կարող եք ստանալ նաև Telegram-ով: Սա կլինի արդեն 6-րդ սոցիալական մեդիայի հարթակը, որտեղ մենք կանք: Առաջինը Youtube-ն էր դեռևս 2008թ., այնուհետև Facebook-ը, Twitter-ը, Instagram-ը, All.me-ն, և փաստորեն արդեն Telegram-ում ենք հասանելի: Ինձ մոտ այսքանը, լսում եմ ձեզ: Հարց. Մեկ ճշտում, եթե կարելի է: Վարչապետը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու՞ է: Տիգրան Բալայան. Այո՛, նախատեսվում է նաև վարչապետի այցելություն Նյու-Յորք, մասնակցություն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, նաև նրա ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, այդ բարձր մակարդակով քննարկումներին: Նաև նախատեսված են երկկողմ հանդիպումներ, որոնց մասին հավելյալ կտեղեկացնենք: Հարց. Պարո՛ն Բալայան, Տավուշում կրակոցներ են եղել: ԱԳՆ-ն ու՞մ է տեղեկացրել և ի՞նչ արձագանք է ստացել: Տիգրան Բալայան. Տվյալ դեպքերում մեր գործողությունները լավ մշակված են: Մենք երեկ այդ պայմանական ասուլիսին խոսեցինք այդ մասին, թե սովորաբար ինչ է տեղի ունենում: Մեխանիզմը հստակ է. առաջին հերթին տեղյակ են պահվում համանախագահ երկրների արտգործնախարարությունները, դեսպանները, համանախագահները, այնուհետև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը, որ հերթական կոպտագույն խախտումն է եղել Ադրբեջանական կողմից: Բայց ստիպված ենք արձանագրել, որ դրանք շարունակական բնույթ են կրում, ինչը ուղիղ հետևանք է ադրբեջանական կողմի շարունակական՝ արդեն 2 տարի շարունակվող ապակառուցողական կեցվածքի, որով նա մերժում է իրականացնել Վիեննայում, Սանկտ-Պետերբուրգում և Ժնևում ձեռք բերված և վերահաստատված համաձայնությունները, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի քանակի և կարողությունների ընդլայնման, ինչպես նաև շփման գծում և Հայաստանի հետ սահմանին միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ: Դա ուղիղ հետևանքն է այս ամենի: Քանի դեռ միջազգային հանրությունը հանդուրժում է Ադրբեջանի այս ապակառուցողական կեցվածքը, մենք չենք կարող բացառել նման միջադեպերն ապագայում: Հարց. Պարո՛ն Բալայան, կցանկանայի անդրադառնայիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը: Որտե՞ղ այն տեղի կունենա, և եթե հնարավոր է, ուղղակի մանրամասնեիք: Արդյո՞ք կան բանակցություններ առաջիկայում, մինչև տարվա վերջ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին: Կարո՞ղ եք մի քիչ մանրամասնել՝ Մակրոնի հետ հանդիպմանն ի՞նչ հիմնական հարցեր կքննարկվեն: Տիգրան Բալայան. Առաջին հարցին անդրադառնալով՝ նշեմ, որ արտգործնախարարը երեկ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ համատեղ մամուլի ասուլիսին անդրադարձավ այդ հարցին, ասաց, որ կա առաջարկություն, կա պայմանավորվածություն, որ հանդիպումը տեղի է ունենալու, սակայն մենք նախընտրում ենք այդ մասին հայտարարել համաձայնեցված կարգով՝ համաձայնեցված Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ, համաձայնեցված նաև ադրբեջանական կողմի հետ: Այդ «համաձայնեցվածին» հետևելը նաև վկայում է պայմանավորվածությունների հանդեպ մեր պատասխանատվության մասին: Ադրբեջանն ամեն շաբաթ հայտարարում է, որ, օրինակ, Նյու Յորքում է լինելու: Միգուցե Նյու Յորքում չի լինելու: Մենք ունենք սահմանված ժամկետ, թե երբ է այդ մասին հայտարարվելու: Պետք է նշեմ, որ այդ սահմանված ժամկետին դեռ պետք է սպասել: Ինչ վերաբերում է Փաշինյան-Մակրոն հանդիպմանը, ապա եղան ինչ-որ հրապարակումներ. թե իբր «Վեոլիա ջրի» հետ կապված է Փաշինյանը մեկնում Փարիզ: Պետք է ձեզ հիասթափեցնեմ. այս այցելության վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռևս Բրյուսելում՝ վարչապետ Փաշինյանի և նախագահ Մակրոնի հանդիպման ժամանակ, և սա ծրագրված այցելություն է: Օրակարգը բավականին լայն է: Պարոն Մակրոնը Հայաստան ժամանելու է պետական այցով: Դա այցելությունների բարձրագույն մակարդակն է, ինչը խորհրդանշում է երկու երկրների միջև հարաբերությունների մակարդակը: Մենք Ֆրանսիայի հետ ունենք առանձնաշնորհյալ հարաբերություններ, ծավալում ենք համագործակցություն թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ մշակութային, թե՛ սոցիալական բնագավառներում: Այս բոլոր հարցերը լինելու են օրակարգում: Նաև պետք է հավելեմ, որ Ֆրանսիայում, գիտեք այն կարևոր դերակատարությունը, որ ունի ֆրանսահայ համայնքը ինչպես հենց Ֆրանսիայի ներքին կյանքում, այնպես էլ որպես կամուրջ Հայաստանի և Ֆրանսիայի միջև: Զուգահեռաբար նաև կցանկանայի հիշեցնել, որ Ֆրանսիայի և Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների միջև կնքված են և ակտիվ գործում են շուրջ չորս տասնյակ համագործակցության համաձայնագրեր: Այդ առումով մենք պարբերաբար ունենում ենք ապակենտրոնացված ֆորում, եթե չեմ սխալվում, 4-ն արդեն իրականացրել ենք, առաջինը 2006թ. էր Փարիզում: Ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմինների օժանդակությամբ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում սոցիալական ոլորտում, տնտեսական ոլորտում մեր մարզերում, այդ թվում նաև սահմանային մարզերում, մասնավորապես, Տավուշում: Վարչապետ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև հանդիպում այս պահին նախատեսված չէ: Հարց. Դուք նշեցիք Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին: Հայկական կողմը դրանց մասին պնդո՞ւմ է վերջին բանակցությունների ընթացում: Տիգրան Բալայան. Դա ոչ միայն հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումն է, որ պետք է այդ պայմանավորվածություններն իրականացվեն, այլև մեր բոլոր հրապարակային հանդիպումներում, բոլոր ոչ հրապարակային՝ դռնփակ հանդիպումներում, որոնց մասին տրվում է մամուլի հաղորդագրություն: Օրինակ՝ եթե Դուք ընթերցեք նախարար Մնացականյանի և նախարար Մամեդյարովի հանդիպման մամուլի հաղորդագրությունը, այնտեղ հստակ այդ մասին ասված է: Եվ այս պայմանավորվածությունների կատարումը ոչ միայն Հայաստանի քմահաճույքն է կամ ցանկությունը, այլ դրա վրա շեշտը դնում են մեր մյուս գործընկերները՝ ոչ միայն համանախագահ երկրները, այլև այնպիսի կարևոր միջազգային կազմակերպություններ, ինչպիսիք են ԵԱՀԿ-ն, Եվրամիությունը, ՄԱԿ-ը: Միջազգային հարաբերություններում ընդունված չէ որևէ հարցի շուրջ պայմանավորվել և դա չանել: Սակայն Ադրբեջանի գործելաոճը տարիներ շարունակ այդպիսին է, և ոչ միայն Հայաստանի հետ պայմանավորվածությունների մասով, ոչ միայն ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված հարցերում: Սա արդեն բնավորության գիծ է այդ պետության քաղաքականությունում: Հարց. Իսկ պայմանավորվածություններն ուժի մե՞ջ են: Տիգրան Բալայան. Այո՛, պայմանավորվածություններն ուժի մեջ են, դա և մեր դիրքորոշումն է, դա և այն դիրքորոշումն է, որ ունեն մեր գործընկերները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, և այս պայմանավորվածությունների իրականացմանը ամբողջապես սատարում են թե՛ ԵԱՀԿ-ն, թե՛ Եվրամիությունը, թե՛ Միավորած ազգերի կազմակերպությունը: Հիշեցնեմ, որ միակ երկիրը, որը ԵԱՀԿ ֆինանսական կոմիտեում փաստացի արգելափակեց այդ ֆինանսավորումը Կասպրչիկի թիմի ընդլայնման համար, Ադրբեջանն էր: Մնացած բոլոր 56 անդամները համաձայն էին, Ադրբեջանը համաձայն չէր: Այս պատճառով մինչ օրս չի իրականացվում Կասպրչիկի թիմի ընդլայնումը և տեղակայումը: Հարց. Երկիրը պատրա՞ստ է Ֆրանկոֆոնիային: Տիգրան Բալայան. Երկիրը խոշոր քայլերով գնում է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի բացմանն ու անցկացմանը: Մենք պատրաստ ենք: Գործողությունները շարունակվում են, և տիկին Ժանը ևս իր հրապարակային ելույթում նշեց, որ, այո՛, աշխատանքները լայն թափով ընթանում են, շարունակվում են: Մենք դեռ ստանում ենք մասնակցության հաստատումներ ամենաբարձր մակարդակով: Մոբիլիզացված է ամբողջ պետական ապարատը, ամբողջ երկիրն է մոբիլիզացված: Կարծում եմ՝ մենք ունենք բոլոր հնարավորությունները այս, իրականում, պատմական իրադարձությունը ոչ միայն Հայաստանի համար, այլև տարածաշրջանի համար՝ անցկացնելու ամնեաբարձր մակարդակով: Հարց. Հարցս կապված է երեկվա ձայնագրության բացահայտնամ հետ: Գիտեք, որ որոշ վերլուծաբաններ, մեկնաբաններ փորձեցին, կապեցին ռուսական հատուկ ծառայությունների հետ: Նաև սա հաջորդեց Պուտին-Փաշինյան հանդիպման: Կխնդրեի ԱԳՆ-ի մեկնաբանությունը: Տիգրան Բալայան. Ես կոնկրետ ձայնագրության կամ դրա հետքերի մասով չեմ կարող խոսել, քանի որ ոչ մասնագետ եմ, ոչ էլ տիրապետում եմ տեղեկատվությանը: Հարուցվել է քրեական գործ, ընթանում է քննություն: Իշխանության գնահատականը դրա վերաբերյալ հնչեցվել է անձամբ վարչապետի կողմից: Կարծում եմ, որ քննությունը կտա բոլոր պատասխանները, թե որտեղ է դա գաղտնալսվել, ով է հրապարակել, ինչ նպատակներով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր