211652_close_icon
views-count1717 դիտում article-date 16:45 07-09-2018

Կրկնակի ավելացել են կոռուպցիոն հանցագործության դեպքերով հարուցվող քրգործերի, քրեական հետապնդման ենթարկված պաշտոնատար անձանց, մոտ 47.5%-ով՝ դատապարտված անձանց թիվը. դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ամփոփվել են 2018թ. առաջին կիսամյակում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի քրեաիրավական հիմնական ցուցանիշները, շարժընթացն ու արդյունքները՝ 2017թ. նույն ժամանակահատվածի արդյունքների համադրությամբ: Ըստ այդմ՝ 2018թ. առաջին կիսամյակում ՀՀ իրավասու մարմինների վարույթներում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստված նյութերը և հարուցված քրեական գործերը ավելի քան կրկնակի գերազանցել են 2017թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Եթե նախորդ տարվա առաջին կիսամյակի ընթացքում նախապատրաստվել է առերևույթ կոռուպցիոն հացնագործությունների հատկանիշներով 380 նյութ, որից 286-ով հարուցվել է քրեական գործ, ապա 2018թ. նույն ընթացքում նախապատրաստվել է 786 նյութ, որից 579-ով հարուցվել են քրեական գործեր: Այս ցուցանիշը վկայում է մի կողմից նախկինում կատարված կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման հարցում հասարակության դրսևորած նախաձեռնողականության և հետևողականության, ընդհանուր առմամբ՝ կոռուպցիայի հանդեպ անհանդուրժողականության մակարդակի աճի, իսկ մյուս կողմից՝ կոռուպցիայի դեմ պայքարում իրավապահ մարմինների միջև գործակցության, ընդհանուր աշխատանքի արդյունավետության կտրուկ բարձրացման մասին: Նախաքննական մարմինների վարույթում 2018թ. առաջին կիսամյակում քննվել է ընդհանուր 947 քրեական գործ, որից ավարտվել է 276-ի վարույթը: Դրանցից 78 քրեական գործ՝ 150 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 2017թ. նույն ընթացքում նախաքննական մարմինների վարույթում քննված ընդհանուրը 610 քրեական գործից ավարտվել է 269 գործի վարույթ, որոնցից 69-ը՝ 117 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Համեմատությունը վկայում է, որ 2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատածի համեմատ վարույթում քննված քրեական գործերի քանակն ավելացել է 337-ով կամ 55.4%-ով, դատարան ուղարկված քրեական գործերի թիվը՝ 9-ով կամ 13%-ով: Նշված ցուցանիշը վկայում է նախաքննության մարմինների և մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների ծանրաբեռնվածության զգալի ավելացման մասին, ինչպես նաև՝ այս գործերով քննությունների լրիվությունը, բազմակողմանիությունը և օբյեկտիվությունը, ապացույցների լիարժեքությունն ապահովելու, կոռուպցիոն մեխանիզմների կամ շղթաների, դրանցում ներգրավված պաշտոնատար անձանց ամբողջական շրջանակը բացահայտելու հարցում վարույթն իրականացնող մարմինների կողմից դրսևորվող առավել մեծ հետևողականության: 2018թ. առաջին կիսամյակի ընթացքում վարույթում քննված կոռուպցիոն բնույթի գործերով քրեական հետապնդում է իրականացվել 400, իսկ 2017թ. նույն ժամանակահատվածում՝ 195 անձի նկատմամբ: Այսինքն՝ 2017թ. 1-ին կիսամյակի համեմատ կոռուպցիոն հանցագործությունների ենթադրյալ կատարման համար քրեական հետապնդման ենթարկված անձանց թիվն ավելացել է 205-ով կամ 105%-ով: Ընդ որում ՝ եթե 2017թ. 1-ին կիսամյակում վարույթում քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման ենթարկված 195 անձանցից 35-ը կամ 18%-ն է գտնվել նախնական կալանքի տակ, ապա 2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում՝ 400 անձանցից 38-ը կամ 9.5%-ը: Կոռուպցիոն հանցագործությունների առերևույթ կատարման մեջ մեղադրվող անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը փաստացի գրեթե կրկնակի ավելի քիչ կիրառվելու հանգամանքն առաջին հերթին պայմանավորված է խափանման միջոց կալանավորման պրակտիկան արմատապես փոփոխության ենթարկելու հարցում ՀՀ գլխավոր դատախազության կողմից որդեգրված քրեական նոր քաղաքականությամբ, որն արտացոլվել է ՀՀ դատախազության այս տարվա հունիսի 12-ի կոլեգիայի նիստին ընդունված որոշումներում: 2017թ. առաջին կիսամյակում ՀՀ դատարաններում քննվել է կոռուպցիոն բնույթի 46 գործ՝ 100 անձի վերաբերյալ: 2018թ. նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է` 69 քրեական գործ (50%-ով ավելի) 127 անձի (27%-ով ավելի) վերաբերյալ: Դրանցից 58-ով դատապարտվել է 101 անձ, որից 36-ը՝ ազատազրկման (2017թ.1-ին կիսամյակ՝ 19-ը), 47-ը՝ տուգանքի (2017թ.1-ին կիսամյակ՝ 38), 1-ը՝ հիմնական այլ պատժի, իսկ 17-ի պատիժը պայմանականորեն չի կիրառվել (2017թ.1-ին կիսամյակ՝ 12-ի): Ըստ հանրային լայն հետաքրքրություն ներկայացնող առանձին հանցատեսակների կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քրեական շարժընթացը կներկայացվի առաջիկայում:

Նմանատիպ նյութեր