211652_close_icon
views-count8210 դիտում article-date 23:29 17-08-2018

ԱՄՆ-ը պատրաստում է նոր պատժամիջոցներ ընդդեմ Թուրքիայի

Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև լարված հարաբերությունները մեղմելու միտումներ չեն նկատվում: Վաշինգտոնը հայտարարում է, թե Թուրքիան շուտով կկանգնի նոր պատժամիջոցների առջև, որը ֆինանսների նախարար Մնուչինի խոսքերով, կարող է լինել ապտակ Անկարային: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4533251.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև հարաբերություններում լարվածություն վերջին ժամանակներս միշտ էլ նկատվել է: Սակայն երբեք այդ հարաբերությունները չեն եղել այնքան թշնամական, որքան այսօր: Թուրքիայի նախագահ Էրդողանը մեղադրում է ԱՄՆ-ին` «Թուրքիային թիկունքից դանակահարելու մեջ»: Նա նկատի ունի թուրքական ապրաքների վրա դրված սակագները: Թրամփը պատասխանում է, որ «Թուրքիան ամենևին էլ չի ապացուցել, որ ԱՄՆ-ի լավ բարեկամն է»: «Նրանք իրենց մոտ են պահում քրիստոնյա հիանալի հոգևորականի, որն ամեն ինչում անմեղ է», ասել է Թրամփը: ԱՄՆ-ի նախագահն, առանց մանրամասնություններ հայտնելու, ասել է, թե Էրդողանի խնդրանքով ԱՄՆ-ում ազատ են արձակել մի անձնավորության, սակայն պատասխան քայլի չի դիմել Թուրքիան, որը ամերիկացի հոգևորական Բրանսոնին շարունակում է համարել Թուրքիայի հեղաշրջման ձախողված փորձի մասնակից: ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Մնուչինը հայտարարել է, որ իր նախարարությունը պատրաստվում է ավելի խստացնել Թուրքիայի դեմ պատժամիջոցները, եթե ամերիկացի հոգևորականը Թուրքիայում ազատ չարձակվի: Հոգևորականի խնդիրը թուրք-ամերիկյան լարված հարաբերություններում առկա խնդրահարույց օղակներից միայն մեկն է: Հիշենք, որ Էրդողանը խիստ դեմ էր Իրաքում ու Սիրիայում քրդերին ԱՄՆ-ի աջակցությանը: Էրդողանը չափազանց շատ է վիրավորվել ԱՄՆ-ից, քանի որ Վաշինգտոնն իրեն չի հանձնում թուրք հոգևորական Գյուլենին, ում մեղադրում է հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ: Էրդաղանն իր երկրում կարողանում է համոզել մեծամասնությանը, որ օտար ուժերը ցանկանում են թուլացնել իր «մահմեդական հզոր երկիրը»: Սակայն ինչպես վերլուծաբաններն են ասում, նման հռետորաբանությունը չի կարող երկար շարունակվել, եթե սննդամթերքի, բենզինի ու առաջին անհրաժեշտության ապրանքների գները Թուրքիայում շարունակեն բարձրանալ, իսկ թուրքական լիրան շարունակի անկել այնպես, ինչպես անկում է այսօր:

Նմանատիպ նյութեր