211652_close_icon
views-count20988 դիտում article-date 21:57 13-08-2018

«Ռոբերտ Քոչարյանը դուրս է եկել դատարանից ու արդեն մեկնել է». Ռուբեն Սահակյան․ aravot.am

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահել չեն կարող, նա անձեռնմխելի է, հետեւաբար բեկանվեց առաջին ատյանի դատարանի որոշումը: Քոչարյանի պաշտպան, փաստաբան Ռուբեն Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ բավարարված է դատարանի որոշումով. «Վերաքննիչ դատարանը վերացնում է առաջին ատյանի դատարանի որոշումը՝ հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է»: Գրում է [url=https://www.aravot.am/2018/08/13/975144/]aravot.am[/url]-ը։ Այսինքն, որոշման համար հիմք չի հանդիսացել ոչ պատգամավորների երաշխավորագիրը, ոչ գրավի առաջարկը. «Օգտվում է իր անձեռնմխելիության իրավունքից: Չի կարող անձը ենթարկվել քրեական հետապնդման եւ պատասխանատվության՝ իր պաշտոնավարությունից հետո, եթե նրա գործողությունները բխել են իր կարգավիճակից»: Սահակյանն ասաց, որ առաջին ատյանի դատարանի որոշումն անօրինական էր: Հարցին՝ դատավարությունը հիմա ի՞նչ ընթացք կստանա, ի՞նչ եք կարծում՝ փաստաբանը կատակեց. «Այդ հարցը տվեք քննչական մարմիններին, չեմ ուզում խոսել, որովհետեւ քննիչն ասաց՝ արգելում եմ խոսել»: Ռուբեն Սահակյանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը դուրս է եկել դատարանից ու արդեն մեկնել է, թե ուր է գնացել՝ Սահակյանն ասաց, որ չգիտի, չի հարցրել, թե ուր է գնում: Փաստաբանն ասաց, որ կսպասեն քրեական հետապնդման մարմնի գործողություններին, կարծում է՝ կբողոքարկեն: Մեր հարցին՝ եթե անձեռնմխելիության հիմքով է Քոչարյանն ազատվել, այսինքն, քրեական գործն է՞լ պետք է կարճվի՝ Սահակյանը պատասխանեց, որ դա հետագայի հարց է: Մենք ճշտեցինք՝ այդ հիմքով հնարավո՞ր է կարճվի՝ նա պատասխանեց. «Շատ: Կարող են առանց դատարանի որոշման էլ ինքնուրույն գալ այդ կարծիքին»: Ռուբեն Սահակյանի խոսքով՝ «Բոլոր նրանց, ովքեր ասում են, որ անձեռնմխելիությունից չի օգտվում, ես մի տեքստ եմ պատրաստել: Հարց՝ եթե կարող է պատասխանատվության ենթարկվել իր լիազորությունից բխող գործողությունների համար, ապա իր լիազորությունների ժամկետում իր կարգավիճակից բխող գործողությունների համար հետապնդելու եւ պատասխանատվության ենթարկելու համար չպե՞տք է գործեր համապատասխան ընթացակարգ, ինչպիսին, օրինակ, սահմանված է Սահմանադրության 96 եւ 193 հոդվածներով պատգամավորի եւ ՄԻՊ-ի համար, չէ՞ որ նրանց համար սահմանված է այդ ընթացակարգը: Եթե նրանց քրեական հետապնդման են փորձում ենթարկել, ԱԺ-ն պետք է տա իր համաձայնությունը: ՀՀ նախագահի համար նման կարգ չի սահմանվել, որովհետեւ չի՛ կարող ենթարկվել պատասխանատվության: Ինչ վերաբերվում է պաշտոնավարումից հետո պատասխանատվության ենթարկելուն, ապա դրա անհրաժեշտությունը չկա, որովհետեւ չի՛ կարող ենթարկվել»: Մենք ճշտեցինք՝ առհասարա՞կ՝ Ռուբեն Սահակյանը պատասխանեց. «Առ-հա-սա-րա՛կ: Նայեք այլ պետությունների սահմանադրությունները»: Սահակյանն ասաց, որ այս պահի դրությամբ Քոչարյանը մեղադրյալի կարգավիճակ ունի: Մեր հարցին՝ այսինքն, ստացվում է, որ նախագահը, եթե նույնիսկ հանցագործություն է անում, նա չպե՞տք է առհասարակ ենթարկվի պատասխանատվության՝ Ռուբեն Սահակյանը պատասխանեց. «Եթե հանցագործություն է կատարում իր կարգավիճակից չբխող գործողությունների համար, ենթարկվում է, եթե բխող, ապա՝ ոչ»: Հարցին՝ Մարտի 1-ը չբխո՞ղ է՝ նա պատասխանեց. «Սա բխող է, դրա համար օգտվեց անձեռնմխելիության իրավունքից»:

Նմանատիպ նյութեր