5098 դիտում
22:24 09-08-2018
Շանթ Հարությունյանի արդարացման հարցը․ մշակույթի գործիչները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Մշակույթի մի քանի գործիչներ բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որտեղ բարձրացնում են քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի արդարացման հարցը:
Նամակը ներկայացնում ենք ստորև․
Մեծարգո պարոն վարչապետ,
Դուք բազմիցս հրապարակավ բարձրաձայնել եք, որ նախորդ վարչախմբի օրոք քաղաքական գործունեության համար դատապարտվածները ազատ կարձակվեն։ Այնինչ հայտնի քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանը բանտում է։
Որպես արվեստի և մշակույթի մարդիկ, մենք առանձնապես հասու չենք իրավական հիմնավորումներին, բայց եթե խորհրդային բռնազավթման տարիների բռնադատվածներին նույն խորհրդային իշխանությունները կարողացան արդարացնել, եթե խորհրդային դատախազությունը կարող էր արդարացնել Գարեգին Նժդեհին (հետմահու), ապա ինչու՞ հիմա դատախազությունը չի կարող արդարացման որոշում կայացնել քաղբանտարկյալների, մասնավորապես՝ Շանթ Հարությունյանի վերաբերյալ։ Կամ ի՞նչն է խանգարում, որ դատարանը վերանայի այդ շինծու գործը և արդարացման վճիռ կայացնի։
Թավշյա հեղափոխությամբ արթնացած հույսը վերաբերում էր նաև արդարության վերականգնմանը։ Քաղբանտարյալների, մասնավորապես՝ Շանթ Հարությունյանի արդարացման հարցը իրավականից բացի ունի մշակութային նշանակություն։ Ստեղծագործական կյանքով ապրող մարդու համար հանդուրժելի չեն արդարության ընտրովի մոտեցումները. այս միտքն անգամ կարող է փոշիացնել ժողովրդական ջանքով նվաճված ձեռքբերումները։
Մեծարգո պարոն վարչապետ,
Ըստ հին ավանդության, ի վերուստ նշանակված արդարներն իրենց կոչման մասին իմանում են միայն փորձության ժամին։ Ուզում ենք հավատալ, որ թավշյա հեղափոխության առաջնորդը պարտված հակաժողովրդական վարչախմբի կողմից ապօրինի դատապարտված Շանթ Հարությունյանին արդարացնելու հեղափոխական ճանապարհ կգտնի։
Ռուբեն Հախվերդյան - երգիչ-երգահան
Էդվարդ Զորիկյան - երգիչ-երգահան
Գրիգոր Խաչատրյան - նկարիչ
Նորայր Այվազյան - նկարիչ
Վահրամ Մարտիրոսյան - գրող-հրապարակախոս
Լևոն Ջավախյան - գրող
Անուշ Սեդրակյան - քաղաքագետ
Զավեն Ավետիսյան - գրականագետ
Արթուր Ազարյան - լրագրող-հրապարակախոս
Հրանտ Վարդանյան – ռեժիսոր
Միքայել Հայրապետյան - գրականագետ
Վիգեն Ավետիս - քանդակագործ
Արամ Ավետիսյան - արվեստաբան
Նմանատիպ նյութեր
4015 դիտում
14:44 14-06-2018
Թեղուտի խնդրով մտահոգ գործիչները բաց նամակ են ուղղել Նիկոլ Փաշինյանին
1530 դիտում
08:58 05-04-2014
Մշակույթի գործիչները սպասում են մշակույթի նախարարի փոփոխությանը․ ՀԺ
1744 դիտում
20:35 25-09-2023
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Այս բաժնից
2278 դիտում
21:21 09-01-2025
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել․ Կարին Տոնոյան
1009 դիտում
20:25 09-01-2025
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ