211652_close_icon
views-count3530 դիտում article-date 13:44 02-08-2018

Հայ-ճապոնական առևտրատնտեսական հարաբերություններում մեծ ներուժ կա. Արծվիկ Մինասյան

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադայի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը, նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը, Ճապոնիայի դեսպանության երկրորդ քարտուղար Միգումի Մաեկավան։ Ողջունելով դեսպանին և շնորհակալություն հայտնելով Ճապոնիայի կառավարության կողմից մեր երկրին ցուցաբերած աջակցության համար՝ նախարարն անդրադարձել է հայ-ճապոնական առևտրատնտեսական հարաբերությունների դրական դինամիկային, նշելով, որ մեծ ներուժ կա դրանք նոր մակարդակի բարձրացնելու համար։ Արծվիկ Մինասյանը ներկայացրել է տնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումները, տեղեկացրել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքի մասին։ Խոսվել է մեր երկրի ներդրումային գրավչության, զբոսաշրջության խթանման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։ Դեսպան Յամադան շնորհակալություն է հայտնել հանդիպման և հարցերի մանրամասն ներկայացման համար։ Անդրադարձ է եղել «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագրի վավերացման հարցերին, ինչը խթան կհանդիսանա նոր ներդրումների ներգրավման համար։ Անդրադառնալով զբոսաշրջությանը՝ դեսպանը հավաստել է ճապոնացիների կողմից Հայաստանի նկատմամբ մեծ հետաքրքրության մասին, ինչի մասին վկայում է նաև զբոսաշրջիկների թվի աճը։ Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ հավաստել են համագործակցության զարգացման պատրաստակամությունը։

Նմանատիպ նյութեր