1963 դիտում
17:49 01-08-2018
Եվս մեկ քայլ՝ միտված գյուղատնտեսության կենսական խնդիրների լուծմանը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն օգոստոսի 1-ին այցելել է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի շրջանակում ներքին Բազմաբերդում կառուցված խմոցներ:
Նախարարին ուղեկցում էին Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը և այլ պատասախանատուներ:
Ծրագրի շրջանակում Ներքին Բազմաբերդում կառուցվել է 5,6 կմ ջրագիծ և 3 խմոց, ևս մեկը նորոգվել է։ Ծրագրի նպատակները բխում են ոլորտի առաջնահերթություններից և ուղղված են գյուղատնտեսության ռազմավարական նշանակություն ունեցող խնդիրների լուծմանը, մասնավորապես ընտրված լեռնային և սահմանամերձ համայնքներում արոտավայրերի և անասնապահական համակարգերի արտադրողականության ու կենսունակության բարելավմանը, անասնապահական և բարձրարժեք ագրոպարենային արժեշղթաների զարգացմանն ու արտադրանքի շուկայահանման ծավալների ավելացմանը:
«Թալինի տարածաշրջանի և առհասարակ մեր գյուղատնտեսության կենսական խնդիրներից մեկը ջուրն է: Խմոցներ կառուցելով՝ խթանում ենք անասնապահության զարգացումը, նպաստում, որպեսզի կենդանիների կաթնատվությունը բարձրանա»,-նշել է նախարար Արթուր Խաչատրյանը:
Ներքին Բազմաբերդում խմոցները շահագործման են հանձնվել մայիսին: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արդեն իսկ գրանցել են կաթնատվության մոտ 20 տոկոս աճ: Համայնքապետ Խաչատուր Նորեյանի խոսքով, եթե նախկինում գյուղացիները երկմտել են անասնագլխաքանակն ավելացնելու հարցում, ապա այսօր մտածում են նաև այդ ուղղությամբ, որովհետև արոտավայրերն արդեն ջրարբիացված են: Խմոցներից օգտվում է մոտ 1200 խոշոր և մոտ 800 մանր եղջերավոր գյուղատնտեսական կենդանի:
Համայնքների արոտավայրերի արդյունավետ կառավարումն իրականացնելու համար ծրագրի շրջանակում ստեղծվել են կոոպերատիվներ:
«Պետք է ստեղծվեն արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվներ: Իրենց համար կառուցվում են ոչ միայն այս խմոցները, նաև տեխնիկա է տրամադրվում»,-տեղեկացրել է Արթուր Խաչատրյանը:
«Նախկինում հարևան գյուղերից էին գալիս վարուցանք կատարելու: Գնում էինք, խնդրում էինք։ Բայց այս պահին տեխնիկան գյուղում կանգնած է, ցանկացած պահի մենք կարող ենք և մեր հունձն անել, և մեր ցանքը»,-ասել է ներքին Բազմաբերդի համայնքապետ Խաչատուր Նորեյանը:
Արոտօգտագործողների միավորում սպառողական կոոպերատիվին տրամադրվել է 2 միավոր տրակտոր և 1 միավոր այլ գյուղտեխնիկա: Նախատեսվում է տրամադրել ընդհանուր առմամբ 11 միավոր գյուղտեխնիկա: Կոոպերատիվը բաղկացած է 100 տնտեսությունից:
Ընդհանուր առմամբ, ներկայումս աշխատանքներն ընթացքի մեջ են 109 համայնքում: Համայնքային զարգացման ծրագրերում ընդգրկված է շուրջ 285 հազար մարդ կամ շուրջ 65 հազար անասնապահությամբ զբաղվող ընտանիք, ինչպես նաև շուրջ 207 հազար հա արոտավայր, որը կազմում է հանրապետության արոտավայրերի շուրջ 19 տոկոսը և շուրջ 110 հազար պայմանական գլուխ կենդանի, որը կազմում է հանրապետության ընդհանուր գլխաքանակի շուրջ 17 տոկոս:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
781 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
889 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
637 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին