2923 դիտում
19:02 23-07-2018
ՀՀ դատախազությունում քննարկվել են կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի և պետությանը պատճառված վնասների վերականգնման խնդիրները
Հուլիսի 23-ին տեղի է ունեցել ՀՀ դատախազության կոլեգիայի արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը։
Նիստի ընթացքում քննարկվել են առանձին հանցատեսակների և մասնավորապես կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի, դրա շրջանակում դատախազական հսկողության արդյունքները, այդ գործընթացում առաջացող խնդիրները, պետությանը պատճառված վնասների հայտնաբերման, վերականգնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Այս համատեքստում, նկատի ունենալով, մասնավորապես, սոցիալական նպաստների տրամադրման գործընթացում կոռուպցիոն շղթաների և սխեմաների բացահայտման ուղղությամբ արձանագրված արդյունքները՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անհրաժեշտ է համարել հանրապետության ամբողջ տարածքում կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարում դատախազության տարածքային ստորաբաժանումների կողմից նախաձեռնողականությամբ էապես ակտիվացնել օպերատիվ-հետախուզական գործառույթներով օժտված տարածքային մարմինների աշխատանքները:
ՀՀ գլխավոր դատախազը ևս մեկ անգամ կարևորել է հետաքննության և նախաքննության, ինչպես նաև ստուգող, տեսչական մարմինների հետ բարձր մակարդակի համագործակցության, ձեռնարկվող միջոցառումների օպերատիվության ապահովումը:
Չնայած արդեն իսկ արձանագրած արդյունքներին՝ խնդիր է դրվել նաև առանձնահատուկ հետևողականություն ցուցաբերել պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու դատախազական գործառույթի իրացմամբ, տարբեր հանցագործությունների դեպքերով քննությունների շրջանակներում պետությանը պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ:
Նշվել է, որ ՀՀ դատախազության նախաձեռնությամբ իրականացված բազմաոլորտ ուսումնասիրությունների՝ միայն այս տարվա հունիս-հուլիս ամիսների ընթացքում հրապարակված արդյունքներով բազմաթիվ օրինախատումներ, առերևույթ հանցակազմ պարունակող չարաշահումներ են բացահայտվել ընդերքօգտագործման և բնական պաշարների արդյունահանման և իրացման, տարբեր հարկատեսակներով հարկային պարտավորությունների կատարման, պետական գնումների գործընթացի, հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի տրամադրման, տավարաբուծության, շինարարական աշխատանքների պետական ծրագրերի իրականացման, ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար վարչական տուգանքների վճարման և այլ ոլորտներում:
Միայն հրապարակված այդ իրավախախտումների, առերևույթ հանցավոր արարքների հետևանքով պետությանը հասցված՝ նախնական հաշվարկված վնասի չափը կազմում է մոտ 6 մլրդ 700 մլն դրամ:
Ուսումնասիրությունների արդյունքում բացահայտված՝ միայն նշված երկու ամսվա ընթացքում հրապարակված առերևույթ փաստերի առթիվ hարկերից, տուրքերից կամ պարտադիր այլ վճարները խոշոր չափերով կատարելուց խուսափելու, առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերվելու, խաբեության կամ վստահությունը չարաշահելու միջոցով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու, պաշտոնեական կեղծիք կատարելու հանցագործությունների հատկանիշներով կամ դրանց տարբեր համակցություններով ՀՀ դատախազության կողմից հարուցվել է 18 քրեական գործ (ևս մեկով նյութեր են նախապատրաստվում): Բոլոր գործերով նախաքննությունն ընթացքի մեջ է: Լայն ծավալով կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում նաև համապատասխան փորձաքննությունների նշանակմամբ՝ առավել հստակեցնելու պետությանը պատճառված վնասի չափերը, բավարար հիմքերի առկայության դեպքում պետական շահերի պաշտպանության հայցերի հարուցմամբ դրանց վերականգնմանը հետամուտ լինելու համար, պարզելու արձանագրված առերևույթ հանցագործությունների դեպքերով կոռուպցոն սխեմաների հնարավոր առկայությունը, դրանցում պատասխանատու պաշտոնատար անձանց ներգրավվածությունը, ինչպես նաև պետական միջոցների փոշիացման մեխանիզմերը:
Մեծապես կարևորվել է վարույթի ընթացքում քրեական հետապնդումներին զուգահեռ նմանատիպ հանցագործությունների կատարման մեջ մեղադրվողների գույքի վրա կալանք դնելու, ինչպես նաև պետությանը պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ իրավական բոլոր այլ մեխանիզմների գործուն կիրառման անհրաժեշտությունը:
Հարուցված քրեական գործերի, առանձին ոլորտներում շարունակվող ուսումնասիրությունների ամբողջականությունն ապահովելու և արձանագրված դրսևորումներին անհրաժեշտ իրավական գնահատականներ տալու նպատակով պետական կառավարման իրավասու բազամաթիվ մարմինների հարցումներ են արվել կամ նրանցից լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր են պահանջվել: Այն դեպքերում, երբ արձանագրված առերևույթ իրավախախտումները կամ հանցավոր արարաքները կատարվել են տնտեսվարող սուբյեկտների կամ կազմակերպությունների կողմից, ՀՀ դատախազության կողմից կամ նրա պահանջով համապատասխան մարմինների կողմից նրանց ներկայացվել են պարտավորությունները կամովին կատարելուն ուղղված նախազգուշացումներ, որոնց արդյունքում արդեն իսկ իրականացվել են վնասների հատուցմանն ուղղված քայլեր:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հատուկ ընդգծել է, որ քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության և դատավարական ղեկավարման իրենց գործառույթների իրականացման ընթացքում դատախազները առանձնահատուկ բծախնդրությամբ պետք է հետևեն, որպեսզի պահպանվի քրեադատավարական բոլոր գործողությունների լիարժեք համապատասխանությունը օրենսդրությանը, իսկ դատավարության բոլոր մասնակիցների իրավունքները պատշաճ ապահովվեն:
Առաջիկայում առավել մանրամասն քննարման և գնահատման կարժանանան նշված ուղղություններով իրականացվող աշխատանքների միջանկյալ արդյունքները, ինչպես նաև կոլեգիայի արտահերթ նիստի ընթացքում կայացված որոշումների և տրված հանձնարարականների կատարման վիճակը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
790 դիտում
18:06 07-11-2024
Կամո Ցուցուլյանն ընդունել է Ֆրանսիայից ժամանած պատվիրակությանը
652 դիտում
17:32 07-11-2024
Փրկարար ծառայության տնօրենը ֆրանսիական կողմին է ներկայացրել իրականացվող բարեփոխումները
1018 դիտում
17:17 07-11-2024
ԱԺ նախագահը և ՔՊ-ական ևս երկու պատգամավոր առաջարկում են օրհներգից հանել վերջին քառատողը. նախագիծ են մշակել