211652_close_icon
views-count163234 դիտում article-date 10:58 21-07-2018

Ողբերգական ավտովթար Սևանում. ոստիկանության 32-ամյա աշխատակիցը ВАЗ 21099-ով բախվել է քարե պարսպին. 2 հոգի, որոնցից մեկը ոստիկանության ծառայող էր, տեղում մահացել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Գառնիկ Ալեքսանյանը իր վարած ВАЗ 21099 մակնիշի 34 ՍA 182 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 87.5 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, ավտոմեքենայի առաջնամասով բախվել ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող «Տոհմատուն» կոչվող չշահագործվող հացատան քարե պարսպին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ՝ Արարատի մարզի Դեղձուտ գյուղի բնակիչ, 41-ամյա Գագիկ Բաբայանն ու Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչ, 33-ամյա Վրեժ Հարությունյանը տեղում մահացել են, իսկ Գ. Ալեքսանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Շմավոնյանը, ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Արմեն Գասպարյանը և ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանը։ Ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը, որից հետո վիրավորին պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Սևանի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային, իսկ հետո ավտոմեքենայից դուրս են բերել մահացածների դիերը։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննես Մարտիրոսյանի և ավագ քննիչ Արգիշտի Գրիգորյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Հ. Մարտիորսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 մարդու մահ) հատկանիշներով։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Սևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Դեպքի վայր է ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Գ. Ալեքսանյանը աշխատում է ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում՝ որպես համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ, կոչումով ոստիկանության լեյտենանտ է, մահացած Գ. Բաբայանն աշխատում էր ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես օպերլիազոր։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 109+
109+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր