211652_close_icon
views-count1930 դիտում article-date 09:29 20-07-2018

Շարունակվում է փոխվարչապետ Միրզոյանի այցը Վաշինգտոն․ «Ամերիկայի ձայն»

Շարունակվում է Հայաստանի փոխվարչապետ Արարատ Միրզոյանի այցը Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոն: Իր այցի շրջանակում Հայաստանի փոխվարչապետը շարունակեց հանդիպումներ ունենալ ամերիկացի կոնգրեսականների հետ: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4490164.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Երեկ երեկոյան փոխվարչապետ Միրզոյանը հանդիպեց ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարության համագործակցության հանձնաժողովի համանախագահ, հանրապետական կոնգրեսական Փիթեր Ռոսկամի հետ: Հանդիպմանը փոխվարչապետը ներկայացրեց Հայաստանում առկա իրավիճակն ու ընթացող փոփոխությունները՝ ընդգծելով, որ նոր իշխանությունները երկիրը տանում են ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և ազատ մրցակցային տնտեսության հաստատման ճանապարհով: Ներկայացնելով Հայաստանում առկա քաղաքական իրավիճակը՝ Միրզոյանը նշեց, որ այսօրվա Հայաստանի խորհրդարանը չի արտացոլում հասարակության իրական տրամադրությունները, ուստի մինչև ապրիլ ամիս տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս առումով փոխվարչապետն ընդգծեց ամերիկյան կողմի հետ համագործակցության ու ամերիկյան օժանդակության , ներառյալ տեխնիկական օգնության տրամադրման կարևորությունը: ժողովրդավարության համագործակցության հանձնաժողովի համանախագահ կոնգրեսական Ռոսկամը ողջունեց փոխվարչապետ Միրզոյանին և ներկայացրեց իր գլխավորած հանձնաժողովի հիմնական առաքելությունը: «Սա յուրահատուկ երկկուսակցական հանձնախումբ է: Մենք համագործակցում ենք աշխարհի բազմաթիվ երկրների, մեր գործընկերների հետ՝ ինչպես խորհրդարանական շփումների, այնպես էլ առանձին խորհրդարանի անդամների հետ երկխոսության միջոցով»,- ասել է կոնգրեսականը: Ըստ նրա՝ ընտրությունները կարևոր են, սակայն կարևոր են նաև այն զարգացումները, որոնք ընթանում են ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում: Հանդիպմանը մասնակցեց նաև քաղաքագիտության պրոֆեսոր Դեյվիդ Փրայսը, ով վերոհիշյալ հանձնաժողովի հիմնադիրներից է: Միացյալ Նահանգներ իր այցի ընթացքում փոխվարչապետ Միրզոյանն այցելեց նաև Վաշինգտոնում Միջազգային հանրապետական հաստատության կենտրոնական գրասենյակ: Այստեղ փոխվարչապետը հանդիպում ունեցավ ինստիտուտի նախագահ Դենիել Թվինինգի ու Եվրասիական հարցերով ծրագրերի տնօրեն Սթիվեն Նիքսի հետ: Դենիել Թվինինգը, ողջունելով փոխվարչապետին իրենց գրասենյակում, ընդգծեց Հայաստանում ընթացող զարգացումների կարևորությունը: «Ողջ աշխարհը հետևում է, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում: Շատ ոգևորիչ է տեսնել, թե ինչպես է հայ ժողովուրդը տեր կանգնում իր ճակատագրին»,- ասում է Միջազգային հանրապետական հաստատության նախագահը: Փոխվարչապետ Միրզոյանն էլ իր հերթին ընդգծեց, որ իր այցի հիմնական նպատակն է խորացնել ու ամրապնդել Հայաստանի համագործակցությունը միջազգային գործընկերների հետ: Փոխվարչապետը վերահաստատեց գործող իշխանությունների վճռականությունը Հայաստանի ժողովրդավարացման ու անկախ դատական համակարգի զարգացման հարցում: Հանդիպումն այնուհետև շարունակվեց փակ դռների հետևում:

Նմանատիպ նյութեր