211652_close_icon
views-count2623 դիտում article-date 23:46 19-07-2018

Զոհրաբ Մնացականյանը Ռոսմարի Դիկարլոյին ներկայացրել է նոր կառավարության ծրագրի առաջնահերթությունները

Հուլիսի 19-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպեց Միավորված ազգերի կազմակերպության քաղաքական դեպարտամենտի ղեկավար, գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոսմարի Դիկարլոյի հետ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորեց տարբեր բնագավառներում ՄԱԿ-ի հետ հաստատված արդյունավետ փոխգործակությունը՝ ընդգծելով Հայաստանի նոր կառավարության պատրաստակամությունը համատեղ քայլերով էլ ավելի խորացնելու և ընդլայնելու դրա օրակարգը: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալի խնդրանքով՝ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները և նոր կառավարության ծրագրի առաջնահերթությունները: Նախարարն ընդգծեց, որ ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա կառավարությունը հաստատակամ է շարունակելու երկրում բարեփոխումների գործընթացը՝ ուղղված օրենքի գերակայության, արդարադատության, տնտեսական և սոցիալական ոլորտում հավասար հնարավորությունների ապահովմանը, կոռուպցիայի դեմ պայքարին։ Արտահերթ ընտրությունների անցկացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների համատեքստում Զոհրաբ Մնացականյանը կարևորեց միջազգային գործընկերների, այդ թվում՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ՄԱԿ կառույցների հետ ակտիվ և արդյունավետ համագործակցությունը դրանց պատշաճ կազմակերպման նպատակով։

Նմանատիպ նյութեր