3808 դիտում
20:53 13-07-2018
Վարչապետը Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն: Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության և հայ ժողովրդի անունից շնորհավորել է դեսպան Ժոնաթան Լաքոտին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով բարեկեցություն ու շարունակական զարգացում:
Վարչապետն ընդգծել է հայ-ֆրանսիական հարաբերությունների բարեկամական բնույթը և հավելել, որ այն հիմնված է ոչ միայն քաղաքական, տնտեսական, այլ նաև մարդկային ամուր կապերի վրա: Կառավարության ղեկավարի խոսքով՝ Բրյուսելում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ունեցել է ջերմ և արդյունավետ հանդիպում:
Վարչապետը համոզմունք է հայտնել, որ այն նոր թափ կհաղորդի հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել նաև, որ Երևանում աշնանը կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը ոչ միայն կնպաստի Ֆրանսիայի, այլ նաև ֆրանկոֆոն մյուս երկրների հետ տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնմանը:
Ժոնաթան Լաքոտը շնորհակալություն է հայտնել վարչապետին դեսպանություն այցելելու և շնորհավորանքների համար: Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը և իրականացվող փոփոխությունները մեծ հետաքրքրություն են առաջացրել Ֆրանսիայում, այդ թվում՝ ներդրողների շրջանում և գնալով ավելանում է այն ձեռնարկությունների թիվը, որոնք ցանկանում են ներդրումային ծրագրեր իրականացնել ՀՀ-ում: Նրա խոսքով՝ Հայաստանում այսօր առկա է դրական մեծ էներգիա, որը մեծ ազդեցություն կունենա նաև հայ-ֆրանսիական կապերի և ներդրումների ներգրավման վրա:
***
Վարչապետ Փաշինյանը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որում, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո պարոն նախագահ,
Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ:
Ուրախ եմ, որ Բրյուսելում մեր հանդիպումը հիանալի առիթ դարձավ ծանոթանալու և շարունակելու մեր երկրների միջև ձևավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսության բարի ավանդույթը, ինչպես նաև վերահաստատելու Հայաստանի և Ֆրանսիայի՝ պատմական հարուստ հենք ունեցող առանձնաշնորհյալ հարաբերությունների առավել ամրապնդմանը մեր համատեղ հանձնառությունը:
Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի երկարամյա ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորման գործընթացին:
Կարևորում ենք նաև Ֆրանսիայի աջակցությունն անկախությունից ի վեր Հայաստանում ժողովրդավարական և իրավական պետություն կառուցելու գործին, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորացմանը՝ ներառյալ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում:
Հավատացած եմ, որ հոկտեմբերին նախատեսվող Ձեր պետական այցը Հայաստան կարևոր հանգրվան կդառնա մեր երկրների միջպետական հարաբերություններում՝ որակական նոր մակարդակ հաղորդելով նաև երկկողմ տնտեսական կապերին։
Անշուշտ, հայ-ֆրանսիական օրակարգին սերտորեն առնչվող մեկ այլ նշանակալի իրադարձություն է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի հյուրընկալումը մեր երկրում, որի ամենաբարձր մակարդակով անցկացումը մեզ համար առաջնահերթություն է։
Վերստին շնորհավորելով Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, շարունակական առաջընթաց և բարօրություն»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
1578 դիտում
12:03 14-07-2015
Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն. լուսանկարներ
913 դիտում
16:25 14-07-2023
Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն
2063 դիտում
13:38 29-01-2019
Հնդկաստանի Ազգային տոնի առթիվ նախագահ Սարգսյանն այցելել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանատուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
802 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
832 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»