211652_close_icon
views-count5249 դիտում article-date 14:28 12-07-2018

Մշակույթի ոլորտում ակտիվ և արդյունավետ համագործակցությամբ մենք կարող ենք դառնալ լավ օրինակ մյուս ոլորտների համար. ՀՀ մշակույթի նախարարն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

Երեկ՝ հուլիսի 11-ին, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին: «Ես մեծ կարևորություն եմ տալիս մշակութային համագործակցությանը, որովհետև մշակույթն է միջազգային այն լեզուն, որի միջոցով հնարավոր է զարգացնել հարաբերությունները բոլոր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական: Մշակույթի ոլորտում ակտիվ և արդյունավետ համագործակցությամբ մենք կարող ենք դառնալ լավ օրինակ մյուս ոլորտների համար»,-մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ հանդիպմանն ասել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադը: Նախարար Լիլիթ Մակունցն իր խոսքում ընդգծել է, որ տարբեր երկրների հետ մշակութային ակտիվ համագործակցությունը Հայաստանի կառավարության որդեգրած քաղաքականության հիմքում է: Նախարարը կարևորել է, մասնավորապես՝ գրահրատարակչության, հայ պոեզիայի թարգմանության, կինոյի ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման, ինչպես նաև հայ-իրանական աշուղական փառատոնի կազմակերպման շուրջ կոնկրետ քննարկումներ սկսելը: Իրանի դեսպանի խոսքով, մշակույթի ոլորտում հայ-իրանական համագործակցության հնարավորություններն անսահմանափակ են: Հանդիպման ավարտին կողմերն արձանագրեցին, որ մտնում են հայ-իրանական մշակութային համագործակցության նոր փուլ:

Նմանատիպ նյութեր