211652_close_icon
views-count2102 դիտում article-date 17:14 11-07-2018

«Արցախի ժողովրդի անկախության եւ ազատության պայքարը դատապարտված է հաղթական ավարտի». Էդուարդ Շարմազանովը՝ Լեհաստանի Սենատի փոխնախագահին

ՀՀ ԱԺ նախագահ տեղակալ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 11-ին Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Սենատի փոխնախագահ Միխալ Սեւերինսկու հետ: Կողմերը կարեւորել են հայ-լեհական հարաբերությունների զարգացումը՝ նշելով, որ խորհրդարանական ձեւաչափով համագործակցությունն իր ուրույն դերն ունի երկկողմ օրակարգը հարստացնելու եւ բարեկամական կապերն առավել խորացնելու գործում: Էդուարդ Շարմազանովը երախտագիտություն է հայտնել Լեհաստանի Սենատին ու Սեյմին՝ 2017 թվականին Լեհաստանի հայ համայնքի 650-ամյակի կապակցությամբ հատուկ բանաձեւեր ընդունելու համար: ԱԺ փոխնախագահը նշել է, որ հայերը դարեր շարունակ ապրել եւ արարել են Լեհաստանում, ներգրավված են եղել հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում՝ կարեւոր ներդրում ունենալով երկրի զարգացման գործում: Խոսելով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին՝ ԱԺ նախագահի տեղակալը կարեւորել է Լեհաստանի Սենատի ու Սեյմի կողմից փաստաթղթի վավերացումը: Նա փաստել է, որ Հայաստանի ապագան ժողովրդավարական աժեքների զարգացումն է: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային մարտահրավերներին: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը մտահոգիչ է համարել Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունն ու ռազմատենչ հռետորաբանությունը: ԱԺ փոխխոսնակն ընդգծել է, որ Հայաստանը կողմնակից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում, հայտնի երեք սկզբունքների հիման վրա: «Արցախի ժողովրդի անկախության եւ ազատության պայքարը դատապարտված է հաղթական ավարտի»,-նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահը: Անդրադառնալով հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին՝ Էդուարդ Շարմազանովը կարծիք է հայտնել, որ ի տարբերություն Լեհաստանի, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան շարունակում է ժխտողականության քաղաքականությունը, ինչը սպառնալիք է տարածաշրջանի անվտանգության համար: Հանդիպմանը ներկա է եղել Լեհաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը:

Նմանատիպ նյութեր