211652_close_icon
views-count3530 դիտում article-date 11:54 10-07-2018

Հարկային պարտավորությունների չկատարման մասով արդեն իսկ վերականգնվել է 42 մլն դոլարի վնաս. Նիկոլ Փաշինյան

Միայն հարկային պարտավորությունների չկատարման մասով վերջին մեկուկես ամսվա ընթացքում հուլիսի 1-ի դրությամբ վերականգնվել է 20 մլրդ 622 մլն դրամի վնաս: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Գիտեք, որ կառավարության ձևավորումից ի վեր Հայաստանում ակտիվորեն ընթանում է կոռուպցիայի և ստվերային տնտեսության դեմ պայքար: Մենք ամփոփել ենք մի տվյալ և արձանագրել, որ իրավապահ տարբեր մարմինների կողմից հարուցված քրեական գործերի մասով միայն հարկային պարտավորությունների մասով հուլիսի մեկի դրությամբ վերականգնվել է 20 մլրդ 622 մլն դրամի վնաս, կամ չվճարված հարկ, խոսքը գնում է 42 մլն դոլարի մասին: Սա շատ կարևոր ցուցանիշ է և այս ուղղությամբ մեր աշխատանքները պետք է շարունակենք»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ սա իրականում մեկուկես ամսվա ցուցանիշ է: Վարչապետը նկատեց, որ մամուլում կան հրապարակումներ, ըստ որոնց՝ պետբյուջեում այս թիվը չի արտահայտվում և հավելեց, որ այդտեղ ոչ մի տարօրինակ բան չկա: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ վերականգնումները հնարավոր է դարձել ԱԱԾ-ի, ՊԵԿ-ի և ոստիկանության համատեղ ջանքերով, այսինքն՝ այդ գործընթացը հավաքական աշխատանքի արդյունք է: Ըստ ՊԵԿ նախագահի, նշված 20 մլրդ դրամն օր-օրի փոփոխվում է և ունի բարձրանալու միտում: «Այս պահի դրությամբ նշված գումարը 73 տնտեսավարողների վարքագծի արդյունք է: Մենք կարող ենք դա բաժանել երեք մասի: 800 մլն դրամը փաստացի մուտքագրվել է բյուջե, 12 մլրդ դրամն առաջադրվել է, որպեսզի մուտք արվի բյուջե, իսկ 7 մլրդ դրամը գանձման փուլում է: Վերականգնումը դեռևս չի նշանակում մուտք բյուջե, նշանակում է, որ վերականգնվել է ընկերությունների հաշիվներին, որը ակտի ստորագրումից հետո կմուտքագրվի բյուջե»,- ասաց Դավիթ Անանյանը: Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ նշված գումարը փաստացի կտեղափոխվի պետական բյուջե ու այս միջոցները որևէ տեղ չեն կարող կորել: Նրա խոսքով՝ դրանք վերականգնված գումարներ են և ընդամենն ընթացակարգերի խնդիր է: «Այս թիվը վերաբերում է միայն հարկային պարտավորություններին, այս թիվը չի վերաբերում է կոռուպցիոն երևույթներին, ապօրինի հարստացմանը: Պետությանը հասցված վնասը վերականգնելու ենք մինչև վերջ և աննահանջ: Ուրախ եմ, որ այս թեմայի շուրջ իրավապահ մարմինների փոխգործակցության մակարդակն ավելի արդյունավետ է դառնում: Հենց այս գումարի մասին է խոսքը, երբ ասում ենք, որ 10 մլրդ դրամ կհատկացնենք մարզերին, որպեսզի մեր ժողովուրդն արդեն իրենց համայնքներում զգա մթնոլորտի փոփոխությունը»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ շուրջ 30 մլն դոլար է ներառվելու մարզեր: Վարչապետը համոզմունք հայտնեց, որ պետությանը հասցված վնասների վերականգնման պրոցեսը կշարունակվի և կլինեն ավելի լավ արդյունքներ:

Նմանատիպ նյութեր