211652_close_icon
views-count2953 դիտում article-date 21:05 06-07-2018

Արցախի պետնախարարի գլխավորությամբ անցկացվել է պետական միջնաժամկետ ծախսային ծրագրի բարձրագույն խորհրդի առաջին նիստը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ անցկացվել է պետական միջնաժամկետ ծախսային ծրագրի բարձրագույն խորհրդի այս տարվա առաջին նիստը: Պետական նախարարը իր խոսքում նախ անդրադարձել է պետական միջնաժամկետ ծախսային ծրագրի կազմման ընթացիկ աշխատանքների և ծրագրային բյուջետավորմանն անցնելու կարևորությանը՝ նշելով, որ դրա հիմնական նպատակը պետական ծախսերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է: Գ. Մարտիրոսյանի խոսքով՝ այն նպաստելու է պետական ֆինանսական միջոցների հաշվին կատարվող բյուջետային հատկացումների արդյունավետ վերաբաշխմանը՝ ըստ գերակա ուղղությունների և բարձրացնելու է բյուջետային ծրագրերի գնահատման համակարգի արդյունավետությունը՝ մեծացնելով պետական ֆինանսների կառավարման թափանցիկության աստիճանը: Այս համատեքստում պետնախարար Մարտիրոսյանը նախարարներին առաջարկել է վերանայել 2019թ.-ի պետական բյուջեի նախագծի շրջանակում առաջարկվող ծրագրերը, և դրանք ներկայացնել 2019-22թթ. ընդգրկող եռամյա կտրվածքով: Գ. Մարտիրոսյանը նշել է նաև, որ պետական միջնաժամկետ ծախսային ծրագրի մշակման ընթացքում անհրաժեշտ է ակտիվացնել Խորհրդարանի հետ համագործակցությունը: «Յուրաքանչյուր տարվա բյուջեի նախագծի մշակման համար պետք է ծրագրային հենք հանդիսանա պետական միջնաժամկետ ծախսային ծրագիրը: Դա չի նշանակում, որ ներկայացված նախագծերը հետագայում ճշգրտելու հնարավորություն չեն ունենա, բայց ընդհանուր քաղաքականության մեջ այն հստակություն կմտցնի, որտեղ տեսանելի կլինեն թե՛ ծախսային հիմնավորումները, թե՛ զարգացման միտումները »,- նշել է Գ. Մարտիրոսյանը։ Նիստի մասնակիցները կարևորել են միջնաժամկետ ծախսային ծրագրի անհրաժեշտությունը, և առաջարկներ են հնչել 2019թ.-ի պետական բյուջեում ծրագրային բյուջետավորման ձևաչափով որոշ փորձնական ծրագրերի ներդրման մասին:

Նմանատիպ նյութեր