211652_close_icon
views-count12169 դիտում article-date 22:12 04-07-2018

Արմավիրի մարզպետի մոտ քննարկվել է Եղեգնուտ և Արշալույս համայնքներում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման հարցը

Ելնելով Եղեգնուտ և Արշալույս համայնքներում վերջին շրջանում համայնքապետերի դեմ իրականացվող բողոքի տևական ակցիաներից և ներհամայնքային դժգոհություններից՝ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը երեկ հանդիպում է ունեցել տվյալ համայնքների ղեկավարների հետ: Արմավիրի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բնակչության կողմից արտահայտած դժգոհությունների դրդապատճառները, համայնքներում ստեղծված լարված իրավիճակն ու դրա լուծման հնարավոր ուղիները: Կարևորելով համայնքներում կյանքի բնականոն ռիթմին վերադառնալու անհրաժեշտությունը և համայնքապետարանների գործունեության արդյունավետ կազմակերպումը՝ մարզպետը կոչ է արել համապատասխան համայնքների ղեկավարներին՝ օրինականության շրջանակում միջոցներ ձեռք առնել ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար: Արշալույս համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանը մարզպետ Գագիկ Միրիջանյանին այսօր ներկայացրած գրությամբ հայտնել է, որ միչև օգոստոսի 13-ը կգտնվի արձակուրդում, իսկ վերադառնալու հաջորդ օրը՝ օգոստոսի 14-ին, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածով սահմանված կարգով համայնքի ավագանուն կներկայացնի իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին առաջարկ: Եղեգնուտ համայնքի ղեկավարն էլ մարզպետին այսօր տեղեկացրել է, որ սեփական դիմումի համաձայն իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին հարցը քննարկվել է երեկ հրավիրված ավագանու արտահերթ նիստում, և ավագանին հարցին դեմ է քվեարկել: Համայնքում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Գագիկ Միրիջանյանը համայնքի ավագանուն առաջարկել է իր գործառույթներն իրականացնել բացառապես ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ կազմելով համապատասխան արձանագրություն:

Նմանատիպ նյութեր