211652_close_icon
views-count2927 դիտում article-date 16:22 29-06-2018

Փարիզում կայացել է Թումո Փարիզի պաշտոնական ներկայացումը՝ քաղաքապետ Անն Իդալգոյի և Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի ներկայությամբ

Հունիսի 28-ին Փարիզում տեղի ունեցավ Թումո Փարիզ կենտրոնի հանրային պաշտոնական ներկայացումը՝ քաղաքապետ Անն Իդալգոյի և Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի ներկայությամբ: Միջոցառման ընթացքում հայտարարվեց, որ Թումո Փարիզի աշխատանքը կմեկնարկի սեպտեմբերի 25-ից՝ տեղակայվելով Forum des Images կենտրոնում՝ Փարիզի Les Halles շրջանի կենտրոնական հատվածում: Թումո Փարիզը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի առաջին միջազգային կենտրոնն է: Այն անվճար կրթություն կապահովի 12-ից 18 տարեկան շուրջ 1500 պատանու: Կենտրոնում ուսանողները հնարավորություն կունենան ուսումնասիրելու բազմաթիվ ոլորտներ, այդ թվում` ֆիլմերի ստեղծում, ծրագրավորում, անիմացիա, գրաֆիկական դիզայն, խաղերի ստեղծում, եռաչափ մոդելավորում, նկարչություն և երաժշտություն: Թումո Փարիզը գտնվում է Ֆրանսիայի ամենամեծ կենտրոնական կայարանին կից, և ըստ քաղաքապետ Անն Իդալգոյի` Թումոն կդառնա երիտասարդության հաղորդակցման խաչմերուկ, որտեղ նրանք ոչ միայն կուսումնասիրեն նոր հմտություններ, այլ նաև իրականություն կդարձնեն իրենց ամենաստեղծագործ գաղափարներն ու թվային փորձարկումները: Կենտրոնի բացման նախաձեռնությունը մեկնարկեց դեռ 2016 թվականին, երբ Թումո Երևան իր այցի ժամանակ Իդալգոն և Մարի Լու Փափազյանը Փարիզում կենտրոն բացելու պայմանավորվածություն ձեռք բերեցին: Բազմաթիվ աշխատանքային այցերից, ծրագիրը ֆրանսերենին ադապտացնելուց և բոլոր հարմարությունները ապահովելուց հետո Թումո Փարիզն արդեն լիովին պատրաստ է մեկնարկին: Հուլիսի 3-ին փարիզյան կենտրոնին վերջերս միացած աշխատակիցները Ֆրանսիայից կժամանեն Թումո Երևան` սկսելու վերապատրաստման հագեցած ծրագիր։ «Թումո Փարիզի բացումը մեզ համար շատ կարևոր իրադարձություն է», ասաց Մարի Լու Փափազյանը: «Այս քայլով մեկնարկում է մեր միջազգային տարածումը, որը թույլ կտա Թումոյի կրթական նոր մեթոդները հասանելի դարձնել միջազգային հանրությանը՝ միևնույն ժամանակ ապահովելով Հայաստանում 25 Թումո կենտրոններ բացելու համար անհրաժեշտ ֆինանսական և մարդկային ռեսուրսները»:

Նմանատիպ նյութեր