211652_close_icon
views-count4361 դիտում article-date 22:56 21-06-2018

ՏԿՏՏ նախարարի առաջին տեղակալը Մինսկում մասնակցում է Արևելյան Գործընկերության երկրների նախարարական ոչ պաշտոնական հանդիպմանը

Հայաստանի պատվիրակությունը` ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ, Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մասնակցում է Արևելյան գործընկերության երկրների թվային տնտեսության/տեխնոլոգիաների նախարարական ոչ պաշտոնական հանդիպմանը։ Հանդիպման լիագումար նիստում քննարկվել են լայնաշերտ կապի զարգացմանը, տարածաշրջանային ռոումինգի համաձայնագրի (RRA-ի) կիրառության նպատակահարմարությանը, կիբերանվտանգությանն ու տեղեկատվական անվտանգությանն առնչվող և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Հակոբ Արշակյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել Գործընկերության երկրների պատվիրակությունների, ինչպես նաև աշխատանքային խմբի ղեկավար, Բելառուսի կապի և տեղեկատվայնացման նախարար Սերգեյ Պոպկովի հետ։ Եվրոկոմիսարներ Յոհաննես Հաննի և Մարիա Գեբրիելի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են բլոքչեյն տեխնոլոգիաների կիրառման ոլորտների, արհեստական բանականության, ստարտափների աջակցությանը և կադրերի պատրաստմանը վերաբերող խնդիրները։ Թվային տնտեսության և հանրության եվրոկոմիսար Մարիա Գեբրիելի հետ ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն նոյեմբերի 15-ին Սոֆիայում կայանալիք «Startup Summit»-ին ներկայացվածության շուրջ, որին կմասնակցեն նաև հայկական ստարտափներ։ Օրակարգի շուրջ աշխատանքային հանդիպումներ են անցկացվել նաև պատվիրակությունների ղեկավարների հետ։ Նախարարի առաջին տեղակալը աշխատանքային հանդիպում է ունեցել «Ինտեգրալ» ընկերության գլխավոր տնօրեն Վիտալի Սոլոդուխայի հետ։ Բելառուսական ընկերությունը զբաղվում է միկրոէլեկտրոնիկայի նախագծմամբ և արտադրությամբ։ «Ինտեգրալ»-ը տրանզիստորների թեստավորման համար օգտագործում է հայկական «Անի տեստ» ընկերության արտադրած ավտոմատ թեստավորման համակարգերը: Հակոբ Արշակյանին հանդիպման ընթացքում ուղեկցել է նաև Բելառուսում ՀՀ դեսպանությունում Հայաստանի առևտրական կցորդ Կարեն Եսայանը։ Հայկական կողմը ընկերության ղեկավարին հրավիրել է Հայաստան` երկկողմ համագործակցության հնարավորությունները քննարկելու` կիսահաղորդչային սարքերի նախագծման և թեստավորման ոլորտում: Հակոբ Արշակյանը բելառուսական Բիքլաուդ կենտրոնացված տվյալների մշակման կենտրոնի տարածքում հանդիպել է նաև «Սոֆթլայն» ընկերության հետ։ Քննարկվել են Հայաստանում «Data center»-ի ստեղծման նախագծին առնչվող հարցեր։

Նմանատիպ նյութեր