211652_close_icon
views-count13634 դիտում article-date 22:30 20-06-2018

Արցախի կառավարությունը որևէ մեքենա չի հատկացրել ԵԿՄ-ին. Արայիկ Հարությունյան

Արցախի նախկին պետնախարար, ապրիլյան պատերազմի օրերին երկրի վարչապետ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Մանվել Գրիգորյանի առանձնատանը ԱԱԾ բացահայտումներին: Ներկյացնում ենք Ա. Հարությունյանի գրառումն ամբողջությամբ. «Վերջին օրերին ողջ հայությանը ցնցել են Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը հաջորդող՝ ՀՀ ԱԱԾ կողմից հրապարակված բացահայտումները, որոնք անձամբ ինձ համար էլ էին ցավալի: Դրանց արդյունքում որոշ հարցականներ են առաջացել տեսանյութում երևացող գույքի վերաբերյալ: Կարծում եմ, որ պետք է բոլորս սպասենք իրավապահ մարմինների մանրազնին աշխատանքին և վճիռներին, որպեսզի կարողանանք վերջնական գնահատական տալ կատարվածին: Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոմանք փորձում են շահարկել ԱՀ կառավարության և իշխանությունների անունը՝ անհրաժեշտ եմ համարում պաշտոնապես հայտարարել, որ կառավարության կողմից որևէ մեքենա չի հատկացվել Երկրապահ կամավորական միությանը, և բոլոր նվիրատվությունների ստացման ու բաշխման մասին ժամանակին հրապարակել ենք մանրամասն հաշվետվություններ: Ավելի հստակ կուզեի ներկայացնել հետևյալ պարզաբանումները՝ 1. 2016թ. ապրիլի 4-ին ԱՀ կառավարության կողմից ստեղծվել է օպերատիվ շտաբ՝ վարչապետի (այսինքն՝ իմ) գլխավորությամբ՝ նպատակ ունենալով համակարգել համայն հայության կողմից Արցախ ուղարկվող աջակցության ստացման և բաշխման աշխատանքները: Այն ակտիվորեն գործել է 3-4 ամիս՝ պայմանավորված աջակցության մեծ հոսքով, իսկ ընդհանուր աշխատանքներն ամփոփել ենք նույն տարվա վերջին: 2. Այդ ժամանակահատվածում կառավարությունը ստանում էր բազմապիսի աջակցություն, ներառյալ՝ ֆինանսական, պարենային, մեքենաներ և այլն: Մի շարք կազմակերպություններ և անհատներ Արցախին են նվիրաբերել ավտոմեքենաներ, որոնք փոխանցվել են գլխավորապես Պաշտպանության բանակին, իսկ մնացածը՝ պետական այլ մարմինների՝ ըստ բարերարների նախընտրության: Կարող եք ծանոթանալ կառավարության հրապարակած հաշվետվությանը, որտեղ թափանցիկ ու մանրամասն կերպով ներկայացված են և՛ 219 մեքենաների, և՛ նյութական այլ աջակցության ստացման ու բաշխման տվյալները: 3. Ինչ վերաբերում է կառավարության հատուկ հաշվեհամարին փոխանցված ֆինանսական նվիրատվություններին, ապա և՛ մուտքերի, և՛ ծախսերի վերաբերյալ հաշվետվությունը ևս ներկայացրել ենք թափանցիկ և հրապարակային կերպով. մանրամասները՝ այս հղմամբ: 4. Հիշեցնեմ, որ բացի ֆինանսական և նյութական աջակցությունների ստացման ու բաշխման վերաբերյալ հաշվետվությունների պարբերական հրապարակումից, մենք նաև 2016թ. օգոստոսին նախաձեռնել էինք մի շարք հանրային գործիչների շրջայց առաջնագիծ՝ ներկայացնելու հատուկ հաշվեհամարի նվիրատվությունների և պետական ու մասնավոր այլ միջոցների հաշվին իրականացված լայնածավալ աշխատանքները: Հատկանշական է, որ այդ շրջայցին մասնակցում էր նաև ՀՀ ներկա վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներ Թևան Պողոսյանի, Հովհաննես Սահակյանի, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի, razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանի, իրավապաշտպան Արտակ Կիրակոսյանի, ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանի, «ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհուրդ» ՀԿ նախագահ Մասիս Մայիլյանի հետ միասին: Ի դեպ, շատերը կհիշեն, որ ինչպես շրջայցի մնացած մասնակիցներն են հանդես եկել հրապարակումներով, այդպես էլ Նիկոլ Փաշինյանը այդ ժամանակ իր տպավորություններով կիսվել է հետևյալ ծավալուն հոդվածում, որը համարում եմ իմ գլխավորած օպերատիվ շտաբի թափանցիկ և հաշվետվողական գործունեության ցուցիչներից մեկը: 5. Հավելեմ, որ բացի կառավարության միջոցով հատկացվող աջակցությունից, ապրիլյան պատերազմին հաջորդող ժամանակաշրջանում մի շարք անհատներ, խմբեր ու կազմակերպություններ ուղիղ նվիրատվություններ (այդ թվում՝ մեքենաներ) են կատարել այս կամ այն ստորաբաժանմանը կամ խմբին, և այդպիսի դեպքերն ընդհանրապես չեն հաշվառվել ու համակարգվել կառավարության կողմից: Նման նվիրատվություններ, հավանաբար, ստացել է նաև Երկրապահ կամավորական միությունը, իսկ թե ինչ տեսքով և ծավալի, Արցախի կառավարությունը և իշխանությունները տեղյակ չեն ու չէին էլ կարող ի պաշտոնե տեղյակ լինել: Վերջում կուզեի ևս մեկ անգամ իմ երախտագիտության խոսքը հղել մեզ համար վճռական այդ ժամանակահատվածում Արցախին նույնիսկ ամենափոքր չափով աջակցած բոլոր մարդկանց, քանի որ յուրաքանչյուր լումա, նյութական միջոց և բարոյական աջակցություն ներդրում էր հայրենիքի պաշտպանության սուրբ գործին»:

Նմանատիպ նյութեր