211652_close_icon
views-count3960 դիտում article-date 14:31 20-06-2018

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը միջոցառում է կազմակերպել՝ նվիրված հումանիտար գործընթացների և տեղեկատվական տեխնոլոգիագների հարցերին

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հետ համատեղ, Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայնում կազմակերպեց հումանիտար գործընթացների և տեղեկատվական տեխնոլոգիագների հարցերին նվիրված միջոցառում-քննարկում: Տեխնոլոգիաների, նորարարությունների, զարգացման, մարդու իրավունքների և հումանիտար օրակարգերի համադրմամբ կազմակերպված միջոցառմանը քննարկվեց սոցիալական մեդիայի և տեղեկատվական նոր տեխնոլոգիաների դերը` հումանիտար ուղղվածության տարբեր գործընթացներում տեղական բնակչության արդյունավետ ներգրավման տեսակետից: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՄԱԿ-ում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Մհեր Մարգարյանը՝ նշելով, որ ճգնաժամային գոտիներում բնակվող համայնքների հետ արդյունավետ փոխազդեցությունը շարունակում է մնալ հումանիտար գործընթացների համակարգման հարցում առաջնահերթություններից մեկը: Մհեր Մարգարյանը հավելեց, որ ՄԱԿ-ի համակարգը քայլեր ունի անելու այդ գործընթացներում տեղական բնակչությանը ներգրավելու և վերջիններիս ձայնը ավելի լսելի դարձնելու ուղղությամբ։ Ելույթներով հանդես եկան Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Ալեքսանդրա Սիկոտ-Լեվեսքը, ՄԱԿ-ի Մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի ներկայացուցիչ Անդրեյ Վերիտին և «Լուրեր՝ խորությամբ» մեդիա-ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն Լառա Սեդրակյանը։ Բանախոսներն անդրադարձան հումանիտար գործընթացների մասնակիցների համար թվային տեխնոլոգիաների նշանակության, ինչպես նաև դրանց ազդեցության գնահատման որակի և արդյունավետության հարցերին։ Իր ելույթում լրագրող և բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ներկայացնելով իր օրինակը, անդրադարձավ լրագրողների և սոցցանցերի ակտիվիստների նկատմամբ բռնություններին ու սպառնալիքներին, ինչպես նաև հակամարտության գոտիներ մուտք գործելու հետևանքով հետապնդումներին։ Քննարկմանը մասնակցում էին ՄԱԿ անդամ-երկրների և ՄԱԿ-ի գործակալությունների, ակադեմիական շրջանակների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Նմանատիպ նյութեր