211652_close_icon

Մեծ ու փոքր ֆեոդալները նախևառաջ մեր ցածր իրավագիտակցության արդյունք են․ «Առավոտ»

views-count3458 դիտում article-date 10:54 20-06-2018
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Երեկ ոստիկանությունը հայտնեց մի օպերացիայի մասին, որը, իմ կարծիքով, նույնքան կարևոր էր, որքան գեներալ Մանվելի ձերբակալությունը: «Զինաթափվեց» նախագահի վերահսկողության նախկին պետ և ՊԵԿ-ի նախկին ղեկավար Հովհաննես Հովսեփյանն իր թիկնազորով՝ ոստիկանները կանգնեցրել են նրա և «շքախմբի» մեքենաները և զենքի պատկառելի պահեստ հայտնաբերել: Ներկա և նախկին պաշտոնյաներն ու օլիգարխները այդպիսի սովորություն ունեն՝ դուրս գալ քաղաք մի քանի մեքենայի ուղեկցությամբ, զենքով-զրահով, սա՛ է նրանց ինքնահաստատման ձևը: Վախենո՞ւմ են նրանք, որ իրենց դեմ մահափորձ կկատարվի, կարծում եմ՝ այո, բայց ավելի շուտ վախենում են, որ նրանց հետևից կգա ԱԱԾ-ն ու կհայտնաբերի իրենց հարստության աղբյուրները: Անհամբեր սպասում եմ, որ նման օպերացիա կիրականացվի ևս մի քանի տասնյակ պաշտոնյաների և օլիգարխների հանդեպ, որպեսզի նրանք հասկանան, որ իրենց ժամանակն արդեն անցել է: Հասկանան, որ նրանք այլևս ֆեոդալ և «հեղինակություն» չեն: Իսկ հեղինակություն է նա, ով կանգնում է կարմիր լույսի տակ, ով վճարում է հարկերը, ով իր պաշտոնի կամ փողի բերումով իրեն որևէ ձևով առավել չի զգում անպաշտոն և անփող համաքաղաքացիներից: Լրագրողը հարցնում է պատգամավորներից՝ դուք իրավացիորեն դատափետում եք Մանվել Գրիգորյանին՝ իր քաղաքում և շրջակայքում ֆեոդալ զգալու համար, իսկ ձեր կուսակցական շեֆն արդյո՞ք մեկ այլ քաղաքում և դրա շրջակայքում նմանատիպ ֆեոդալ չի: Պատգամավորը պատասխանում է՝ «դուք պատվեր եք կատարում»՝ տհաճ հարցը «ցրելու» մոգական բանաձև է: Բայց հասկանանք, որ տարբեր քաղաքներում և գյուղերում մեծ ու փոքր ֆեոդալները նախևառաջ մեր ցածր իրավագիտակցության արդյունք են, և այնպես չէ, որ մի քանի օր ճանապարհ փակելով՝ Հայաստանի բոլոր բնակիչները դարձան քաղաքացի: Դա է պատճառը, որ մենք անհանդուրժող ենք ոչ թե ընդհանրապես ապօրինությունների, այլ միայն մեր «չսիրած» մարդկանց ապօրինությունների հանդեպ: Այնպես որ, հարգարժան իրավապահներ, խուզարկեք ցանկացած մեծահարուստի դղյակ, կանգնեցրեք ցանկացած օլիգարխի ուղեկցեղ մեքենա՝ 100 տոկոսով վստահ եմ, որ դուք առնվազն կհայտնաբերեք ապօրինի զենք: Հնարավոր է նաև՝ շոգեխաշած միս»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր